News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Իրանի իշխանությունները վճռականորեն դատապարտում են Թուրքիայի դեմ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցները ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը ձեռք բերելու պատճառով: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ հակվածությունը պատժամիջոցներին եւ միջազգային իրավունքի հանդեպ հարգանք չունենալը կրկին լիարժեք կերպով ցուցադրվեցին: Մենք վճռականորեն դատապարտում ենք Թուրքիայի դեմ վերջին պատժամիջոցները»,- նշել է Զարիֆն իր Twitter-յան էջում:

Դեկտեմբերի 14-ին ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի շրջանակում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության, դրա ղեկավարի եւ երկրի եւս երեք քաղաքացիների՝ Մուսթաֆա Ալփեր Դենիզի, Սերհաթ Գենչօղլուի եւ Ֆարուք Յիգիթի դեմ սահմանափակումներ մտցնելու մասին: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության համաձայն՝ սահմանափակումները «հստակ ազդանշան» են այն մասին, որ ԱՄՆ-ն «CAATSA-ն կիրառելու է ամբողջությամբ» եւ «չի հանդուրժի ռուսական պաշտպանական եւ հետախուզական հատվածների հետ նշանակալի գործարքները»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ պատժամիջոցները եւ խոստացել պատասխան քայլեր ձեռնարկել: Արտաքին գործերի նախարարությունը նաեւ շեշտել է, որ Անկարան «չի խուսափի միջոցներ ձեռնարկելուց, որոնք անհրաժեշտ կհամարի իր ազգային անվտանգության ապահովման համար»:

Ռուսաստանը եւ Թուրքիան 2017-ին պայմանագիր էին կնքել Մոսկվայի կողմից Անկարային Ս-400 համալիրների մատակարարման մասին: Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն էր, որը ձեռք բերեց այդ համակարգերը Ռուսաստանի Դաշնությունից: Անկարայի որոշումը Վաշինգտոնի եւ ընդհանուր դաշինքի կտրուկ բացասական արձագանքին արժանացավ: ԱՄՆ-ն շարունակում է ստիպել Թուրքիային հրաժարվել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերից: Էրդողանը հոկտեմբերին հայտարարել էր, որ Անկարան մտադիր չէ հրաժարվել Ս-400-ից` չնայած Վաշինգտոնի կողմից գործադրվող ճնշմանը: Նա նաեւ մերժել է պատժամիջոցների սպառնալիքները եւ առաջարկել Միացյալ Նահանգներին փորձել իրականում կիրառել դրանք:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ