News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


19-ամյա Վրեժ Բադալյանը պատերազմի դաշտում վիրավորվել է երկու անգամ։ Առաջին անգամ՝ գրադ կայանքից. վնասվել էին ձեռքը, ոտքը, թոքը։ Այդ վիճակում շարունակել է կռվել, մինչև ընկերները նստեցրել են ավտոմեքենա՝ Ստեփանակերտ հասցնելու համար, սակայն ճանապարհին ավտոմեքենան պայթեցրել են։

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան շատ անսպասելի կերպով սկսվեց պատերազմը։ Պետք է ճաշարան գնայինք, կռիվն սկսվեց, ու միանգամից բարձրացանք դիրքեր։ Սկզբում չէինք պատկերացնում, որ պատերազմ է՝ մինչև մի քանի տղաների կորցրինք։ Ծառայում էի Մատաղիսում։ Բանակ գնալիս համոզված էի՝ ծառայելու եմ Մատաղիսում, Թալիշում կամ Եղնիկներում։ Ես հեշտ ծառայություն չէի ուզում»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Վրեժ Բադալյանը։

Վրեժի մեկ աչքը հեռացված է, մյուսը չի տեսնում։ Աղիքները վնասված են, ողնաշարի խնդիրներ ունի։ Գլխում բեկորներ կան։ Վրեժին անհրաժեշտ է արտերկում վիրահատվել՝ եղջերաթաղանթի և ցանցաթաղանթի փոխպատվաստում, որից հետո հնարավոր է, որ Վրեժի տեսողությունը մասամբ վերականգնվի։

«Հոկտեմբերի 1-ից հետո Վրեժը չզանգեց։ Ընկերներից մեկն ասաց, որ վիրավորվել է ոտքից։ Երկու օր անց միայն գտանք Վրեժին հիվանդանոցներում մեկում։ Վրեժն անգիտակից ու անճանաչելի վիճակում էր։ Նրան կարողացանք ճանաչել թևին դաջված խաչի միջոցով։ Այն ժամանակ, երբ արեց այդ դաջվածքը, ասաց՝ մամ, ինձ անպայման պետք է գալու այս խաչը»,- հիշեց Վրեժի մայրը՝ Լիլիթ Մարգարյանը։

 Ծառայակից ընկերները նրան 33-ի Վրեժ էին կոչում, որովհետև Մատաղիսի 33-րդ դիրքը Վրեժը և իր ընկեր Թաթուլը իրենց ձեռքերով էին կառուցել, մեքենայի անվադողերից աստիճաններ էին պատրաստել դիրքի համար։ Վրեժը հիշում է՝ դիրքի համար նաև փոքր աղոթատեղի էր կառուցել, որին պատերազմի ընթացքում ոչ մի արկ չդիպավ։

«Ես մտածում էի, որ հաղթելու ենք, որովհետև մենակ առաջ էինք ուզում գնալ, բայց ստացվեց, որ հետ եկանք։ Մենք մենակ լսում էինք՝ նահանջ, մեզ երբեք չէին ասում՝ առաջ։ Ես կրկին ամեն ինչ կանեի հայրենիքիս համար, կռվածս ոչ մի վայրկյանի համար չեմ ափսոսում։ Այդ պահին հասկանում էի, որ ցանկացած պահի կարող եմ զոհվել, ու չէի վախենում, միայն հիշում էի, որ մայրիկիս ու ընկերուհուս խոստացել էի՝ անպայման վերադառնալու եմ։ Իմ դիրքն իմ հողն էր, իմ տունը, այնտեղ ամեն ինչ իմ ձեռքով էի սարքել»,- ասաց Վրեժը։

Վրեժ Բադալյանին օգնել ցանկացողները կարող են փոխանցում կատարել հետևյալ հաշվեհամարին՝

IDBank-11813018111800 
Լիլիթ Մարգարյան

Կամ կապ հաստատել նրա մայրիկի հետ հետևյալ հեռախոսահամարով՝

094352128

Տպել
Ամենաշատ