News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

20-ամյա Գրիգոր Դավթյանն ընտանիքից թաքցրել էր, որ Սիսիանից տեղափոխվել է Ֆիզուլի՝ պատերազմին մասնակցելու։ Ընտանիքի անդամները նրա մահվան օրն են իմացել, որ Գրիգորը մասնակցել է պատերազմին։

«Իր զինվորական պարտադիր ծառայությունն անցկացնում էր Սիսիանում, բայց հոկտեմբերի 8-ին տեղափոխել էին Ֆիզուլի։ Բոլոր հեռախոսազրույցների ժամանակ, այդ թվում իր մահվան օրը՝ հոկտեմբերի 15-ին, Գրիգորը վստահեցնում էր, որ ինքը Սիսիանում է, իրենց մոտ ամեն ինչ խաղաղ է»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Գրիգորի Դավթյանի քույրը՝ Լուսինե Դավթյանը։

 Հոկտեմբերի 15-ին տղաները շրջափակումից դուրս գալու «նահանջ» հրամանն էին ստացել։ Դեպի ավտոմեքենան գնալիս Գրիգորը վազում է բոլորից հեռու՝ կարծես ինչ-որ բան զգալով։

«Հոկտեմբերի 8-ի գիշերը տագնապ արեցին և մեզ տեղափոխեցին Արցախ։ Կռվի օրերին մենք մի քանի մտերիմ ընկերներով միշտ միասին էինք։ Երբ անօդաչու թռչող սարքը մեր ուղղությամբ էր գալիս, թաքնվում էինք խրամատում կամ քողարկվում։ Հոկտեմբերի 15-ին մենք շրջափակման մեջ էինք ու մեզ «նահանջ» հրամանը տրվեց։ Բաց դաշտով վազում էինք դեպի ավտոմեքենան, Գրիգորն ասաց՝ դու գնա, ես քո ետևից կգամ։ Մոտ 20 մետր էի իրենից առաջ, պտտվում ձայն էի տալիս, բայց չէր առաջանում, կարծես ինչ-որ բան զգում էր։ Ու այդպես բաց դաշտի վրա հրետանին հարվածեց»,- ասաց Գրիգորի մարտական ընկերը՝ Գեղամ Բարսեղյանը։

 Գրիգորը սիրած աղջիկ ուներ, որի հետ ընկերություն էր անում 15 տարեկանից։ Ընկերուհուն ուղղված իր վերջին նամակում գրել էր՝ եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, հիշիր, որ ես քեզ շատ եմ սիրում և ուզում եմ, որ երջանիկ լինես։

«Նպատակներից մեկը մինչև բանակ գնալն էր իրականացրել՝ հայրիկի հետ տուն էր կառուցել։ Մեր հայրիկի համար Գրիգորը հենարան էր։ Գրիգորը շատ էր սիրում բույսեր աճեցնել և խնամել։ Երբ վերադառնար, նպատակ ուներ մեծ ջերմոց կառուցել և գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվել։ Գրիգորը սիրած աղջիկ ուներ, որի հետ ընկերություն էին անում 15 տարեկանից։ Վերադառանալուց հետո ցանկանում էին նշանադրվել»,- նշեց Լուսինեն։

Գեղամը հիշում է՝ կռվի օրերին Գրիգորն ասում էր, որ պատերազմի ավարտից հետո մատաղ է անելու։

 «Գրիգորը կրկնում էր, որ եկեղեցի է գնալու ու մատաղ անելու ու ընկերուհու հետ շատ ժամանակ է անցկացնելու։ Ասում էր՝ ի՞նչ տարբերություն իմ մայրը, քո մայրը, թե՞ մեկ ուրիշի։ Մենք կռվում ենք հանուն մեր բոլորի մայրերի»,- պատմեց Գեղամը։

Գրիգորի՝ ծառայության մեկնելու ցանկությունն այնքան մեծ էր, որ զինվորական կոմիսարիատում դիմում էր գրել 6 ամիս շուտ ծառայության մեկնելու համար։

 «Իր ծառայությանը շատ էր սպասում։ Բանակ գնալուց ամիսներ առաջ տան մեջ անընդհատ շարային քայլեր էր անում՝ բարձրաձայն հայրենասիրական երգեր երգելով։ Ասում էր՝ հենց գնամ, այսպես եմ քայլելու։ Իր ծննդյան օրը հուլիսի 15-ին է ու ինքը գնացել էր զինկոմիսարիատ՝ դիմում գրելու, որպեսզի վեց ամիս շուտ մեկներ ծառայության, բայց թույլ չտվեցին։ Մեծ սպասում ուներ»,- հիշեց Լուսինե Դավթյանը։

Գրիգորը նահատակվել է հոկտեմբերի 8-ին Ֆիզուլիում։ Հուղարկավորվել է հոկտեմբերի 23-ին Խարբերդում։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ