Ոչ ոք չի կարող թերագնահատել կամ նսեմացնել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ցանկացած անդամի աշխատանքը: Այս մասին փետրվարի 2-ին Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ նրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի աշխատանքի եւ գործողությունների վերաբերյալ քննադատությունը:
Մարուքյանի խոսքով՝ ցանկացած պատվիրակություն մեկ թիմ է, եւ այն պետք է աշխատի համատեղ՝ անկախ որեւիցե հնարավոր կամ արդեն եղած տարաձայնությունների: «Մենք մեզ երբեք չենք պահել այնպես, ինչպես նախկին ընդդիմությունը: Այն տարիներին անգամ եղել են դեպքեր, երբ նույն պատվիրակության անդամները հրաժարվել են միեւնույն օդանավով իրար հետ թռչելուց, որ ավելորդ անգամ մեկը մյուսին տեսնելու հնարավորություն չունենան»,- նշեց խորհրդարանականը:
Նա նաեւ ընդգծեց, որ իրենց պատվիրակությունը միշտ համատեղ թիմային աշխատանք է կատարում:
Ռուբինյանն իր հերթին ամբողջությամբ աջակցեց իր գործընկերոջ խոսքը: