News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ և կիսանախագահական համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի։ Այս մասին այսօր՝  մարտի 1–ին, Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իրականում պետք է ի վերջո խոստովանել, որ 2015 թվականի Սահմանադրությունը, որն ուժի մեջ մտավ 2018 թվականին, այս ընթացքում ի ցույց դրեց բազմաթիվ թերություններ։ Մենք այսօր էլ տեսնում ենք, որ այս Սահմանադրությունը, ցավոք, բազմաթիվ ճգնաժամային հնարավորություններ և ռիսկեր է ստեղծում։ Կարծում եմ՝ ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, և կիսանախագահական համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի։ Այս գործընթացը մենք պիտի իրականացնենք Ազգային ժողովի, Կառավարության, Հանրապետության նախագահի, քաղաքական ուժերի և քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններով։ Մինչ դա կան հոդվածներ մեր Սահմանադրության մեջ, որոնց փոփոխումը չի ենթադրում համաժողովրդական հանրաքվե, և դա կարելի է փոխել Ազգային ժողովում տեղի ունենալիք քվեարկության միջոցով։

Առաջիկա մեկ ամսվա ընթացքում մենք պետք է նույն ֆորմատներով աշխատենք լավարկելու համար այն հոդվածները, որոնք լավարկելու հնարավորություն կա Ազգային ժողովում տեղի ունեցած քվեարկությունների արդյունքում։ Սա մի աշխատանք է, որը պիտի անենք։ Այս թեմաները բազմիցս բարձրացվել են թե քաղաքացիական հասարակության կողմից, թե քաղաքական ուժերի կողմից, թե Ազգային ժողովում են տեղի ունեցել քննարկումներ, Հանրապետության նախագահը նույնպես այդ թեմաներով խոսել է։ Մեր մեծագույն խնդիրը պետք է լինի սահմանադրական այնպիսի կառուցակարգերի ստեղծումն ու ձևավորումը, որը կերաշխավորի կայությունն ու անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունը և կբացառի այդպիսի ճգնաժամերի ձևավորումը»,– ասաց Փաշինյանը։

Փաշինյանն անդրադարձավ նաև արտահերթ ընտրությունների թեմային։

«Գիտեք, որ նախորդ տարեվերջին որպես հանրային համերաշխության վերանգնման միջոց, ես առաջարկեցի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Այդ առաջարկն առաջին հերթին ուղղված էր խորհրդարանական ուժերին, և խորհրդարանական ուժերը մինչև փետրվար շարունակաբար մերժում էին այդ առաջարկը, մենք ասացինք՝ եթե խորհրդարանական ընդդիմությունը և Վազգեն Մանուկյանի կողմից ղեկավարվող 17-ի շարժումը մերժում են այդ առաջարկը, ուրեմն իմաստ չունի անել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այսօր խորհրդարանական ուժերից մեկի ղեկավարը՝ Էդմոն Մարուքյանը, հայտարարել է հետևյալը, որ մենք դեռ էն ժամանակվանից արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջարկն արել ենք ընտրություններ չանելու համար, այսինքն՝ դա եղել է ձևական առաջարկ, մենք սպասել ենք, որ իրենք մերժեն, իրենք էլ մերժել են։ Ես հիմա ուզում եմ այստեղից կրկին պաշտոնապես ասել հետևյալը, որ եթե առաջին հերթին խորհրդարանական ուժերը կընդունեն մեր դեռևս դեկտեմբերի վերջին ձևակերպված առաջարկը, մենք ամենևին ձև չենք արել, ասել ենք՝ մեր խոսքի տերն ենք, այո, խորհրդարանական ուժերի կողմից այդ առաջարկն ընդունվելու պարագայում մենք կհամաձայնվենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

Որ ասում են՝ մենք ձևի համար ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ առաջարկել, ուզում եմ ձեզ մի գաղտնիք բացել։ Այն ժամանակ մենք նույնիսկ կարգախոսների տարբերակներ էինք մտածել, որոնցից մեկը հետևյալն էր, որ մենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին պիտի մասնակցենք՝ «վերջ թավիշին» կարգախոսով։ Ես ձևակերպեցի, որ մենք համոզված ենք մեր ժողովրդի դիրքորոշումների մեջ։ Դուք ինձ հասցրել եք վարչապետի կարգավիճակի, և միայն դուք կարող եք հեռացնել այդ կարգավիճակից։ Ես ուզում եմ, որ ժողովուրդն այդ հնարավորությունը քվեարկությամբ ստանա, որպեսզի ես համոզված լինեմ, որ դուք ինձ ներում եք։ Եվ այդ մարտահրավերը ես նետում եմ խորհրդարանական ընդդիմությանը՝ եկեք գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Մենք այդ ընտրություններում մեր հաղթանակը չենք փնտրելու, մենք այդ ընտրություններում փնտրելու ենք ձեր հաղթանակը, որովհետև դուք պիտի հաղթեք»,– ասաց նա։

Անդրադառնալով գերիների հարցին՝ Փաշինյանն ասաց. «Մենք պիտի բազմաթիվ հարցեր լուծենք, առաջին հերթին մեր գերեվարված եղբայրների և անհետ կորածների հարցերը, բայց այդ հարցերի քննարկումները ես այդքան էլ նպատակահարմար չեմ գտնում։ Ցավոք փաստն այն է, որ իրավիճակը, այո, նախորդ շաբաթվա իրադարձությունները որոշակի խնդիրներ են հարուցել այդ պրոցեսում, բայց ես չեմ ուզում մանրամասնել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ