News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավելի քան երկու տասնամյակ Միացյալ Նահանգները Մերձավոր Արեւելքի քաղաքականությունը դիտարկել են որպես ճոպանի ձգում չափավորության եւ արմատականության միջեւ՝ արաբները Իրանի դեմ: Բայց Դոնալդ Թրամփի նախագահության չորս տարիների ընթացքում նա չի նկատել ավելի խորը ճեղքեր, որոնք աճում են տարածաշրջանի երեք ոչ արաբական տերությունների՝ Իրանի, Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ, գրում է Foreign Policy-ն

1956-ին Սուեզի ճգնաժամից հետո քառորդ դարի ընթացքում Իրանը, Իսրայելը եւ Թուրքիան միավորել են իրենց ուժերը, որպեսզի Միացյալ Նահանգների օգնությամբ հավասարակշռություն հաստատեն արաբական աշխարհի դեմ: Բայց արաբական պետությունները ավելի ու ավելի են ընկղմվում կաթվածի եւ քաոսի մեջ՝ 2003-ին Իրաք ԱՄՆ-ի ներխուժումից հետո, որին հաջորդում է ձախողված արաբական գարունը, ինչը հանգեցրել է նոր ճեղքվածքների: Իրոք, Մերձավոր Արեւելքը ձեւավորող մրցակցությունը այլեւս ոչ թե արաբական պետությունների եւ Իսրայելի, սունիների ու շիաների միջեւ է, այլ երեք ոչ արաբական մրցակիցների:

Իշխանության եւ ազդեցության համար ծագած մրցակցությունը այնքան լրջացավ, որ խախտվեց կարգը Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Օսմանյան կայսրությունը բաժանվել էր բեկորների, որոնք եվրոպական տերությունները վերցնում էին` փորձելով վերահսկել տարածաշրջանը: Չնայած պառակտված եւ Եվրոպայի կրունկի տակ լինելով՝ արաբական աշխարհը Մերձավոր Արեւելքի քաղաքական սիրտն էր: Եվրոպական իշխանությունը խորացրեց պառակտումը էթնիկ խմբերի եւ աղանդների միջեւ եւ ձեւավորեց մրցակցություն ու ռազմական կարգեր, որոնք պահպանվեցին մինչեւ մեր օրերը: Գաղութային փորձը խթանեց նաեւ արաբական ազգայնականությունը, որն ընդգրկեց տարածաշրջանը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եւ արաբական աշխարհը դրեց Մերձավոր Արեւելքում ԱՄՆ ռազմավարության կենտրոնում:

Այս ամենը այժմ փոխվում է: Արաբական պահն անցել է: Այժմ ոչ արաբական տերությունները գերակշռում են, եւ հենց արաբներն են վտանգ զգում, քանի որ Իրանը ընդլայնում է իր ներկայությունը տարածաշրջանում, իսկ ԱՄՆ-ն կրճատում է իր պարտավորությունները: Անցյալ տարի, երբ Իրանը մեղավոր ճանաչվեց Սաուդյան Արաբիայում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում հածանավերի եւ նավթային օբյեկտների վրա հարձակման մեջ, Աբու Դաբին իրանական սպառնալիքն անվանեց Իսրայելի հետ պատմական խաղաղ համաձայնագրի պատճառ:

Բայց այս խաղաղ համաձայնագիրը նույնքան հենասյուն է Թուրքիայի դեմ, որքան Իրանի դեմ: Փոխանակ տարածաշրջանը խաղաղության նոր հուն տանելու, ինչպես պնդում էր Թրամփի վարչակազմը, գործարքը ազդարարում է արաբների, իրանցիների, իսրայելցիների եւ թուրքերի միջեւ ուժեղ մրցակցության մասին, որը նախորդ վարչակազմը անտեսում էր: Փաստորեն, սա կարող է հանգեցնել ավելի մեծ ու վտանգավոր տարածաշրջանային սպառազինությունների մրցավազքերի եւ պատերազմների, որոնցում Միացյալ Նահանգները չի ցանկանում եւ չի կարող իրեն թույլ տալ ներքաշվել: Այսպիսով, ԱՄՆ արտաքին քաղաքականությունը պետք է փորձի զսպել, այլ ոչ թե հրահրել, տարածաշրջանային այս նոր մրցակցությունը:

Միջուկային հնարավորությունների տիրապետելու Իրանի ցանկությունը եւ վպրոքսի-ուժերի օգտագործումը արաբական աշխարհի վրա ազդելու եւ ԱՄՆ-ի ու Իսրայելի շահերին հարվածելու համար նորություն չեն: Նորությունն այն է, որ Թուրքիան դարձել է կայունության անկանխատեսելի խախտող շատ ավելի խոշոր տարածաշրջանում: Այլեւս Արեւմուտքում ապագա չտեսնելով՝ Թուրքիան այժմ ավելի վճռականորեն ընդունում է իր իսլամական անցյալը՝ հետ նայելով մեկ դար առաջ գծված գծերին եւ սահմաններին: Օսմանյան կայսրության նախկին տիրույթներում ունեցած ազդեցության մասին նրա պնդումները այլեւս չեն կարող համարվել հռետորաբանություն: Թուրքական հավակնություններն այժմ ուժ են համարվում, որի հետ պետք է հաշվի նստել:

Օրինակ՝ Թուրքիան այժմ գրավում է Սիրիայի մի մասը, ազդեցություն ունի Իրաքում եւ հակադրվում է Իրանի ազդեցությանը ինչպես Դամասկոսում, այնպես էլ Բաղդադում: Թուրքիան ակտիվացրել է ռազմական գործողությունները Իրաքում քրդերի դեմ եւ մեղադրել է Իրանին Թուրքիայի քուրդ հակառակորդ Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (ՔԱԿ) ապաստան տրամադրելու մեջ:

Թուրքիան միջամտեց Լիբիայի քաղաքացիական պատերազմին, իսկ վերջերս վճռականորեն միջամտեց Կովկասում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծագած վեճին: Անկարայի պաշտոնյաները նաեւ մտադիր են ընդլայնել իրենց դերը Աֆրիկյան եղջյուրի վրա եւ Լիբանանում, մինչդեռ արաբ ղեկավարները մտահոգված են «Մուսուլման եղբայրներ»-ին Թուրքիայի աջակցությամբ եւ նրանց այն հայտարարությամբ, որ իրենք իրավունք ունեն իրենց խոսքն ասել արաբական քաղաքականության մեջ:

Երեք ոչ արաբական պետություններից յուրաքանչյուրն իր ոտնձգություններն արդարացնում է անվտանգության համար անհրաժեշտությամբ, բայց կան նաեւ տնտեսական դրդապատճառներ, օրինակ՝ Իրանի համար մուտքը Իրաքի շուկա կամ Իսրայելի եւ Թուրքիայի համար բարենպաստ դիրքերը Միջերկրական ծովում հարուստ գազի հանքավայրերի իրացման գործում:

Ինչպես եւ պետք էր սպասել, որ թուրքական էքսպանսիոնիզմը բախվում է Իրանի տարածաշրջանային շահերի հետ Լեւանտում եւ Կովկասում, ինչը ասոցիացիաներ է առաջացնում Թուրքիայի կայսերական անցյալի հետ: Վերջերս Բաքու կատարած հաղթական այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարդացած բանաստեղծությունը, որը ողբ է պատմական Ադրբեջանի համար, որի հարավային մասը գտնվում է Իրանի ներսում, խիստ հանդիմանության է արժանացել Իրանի ղեկավարների կողմից: Սա միակ սխալը չէր:

Էրդողանը որոշ ժամանակ ենթադրում էր, որ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը սխալ է եղել, երբ օսմանյան արաբների տարածքները դեպի տվել է հարավին, օրինակ՝ Մոսուլը: Էրդողանը, վերակենդանացնելով Թուրքիայի հետաքրքրությունն այս տարածքների նկատմամբ, հայտարարում է ավելի շատ հայրենասիրության մասին, քան ունեցել է ժամանակակից Թուրքիայի հիմնադիրը եւ հստակ հասկացնում է, որ ինքը խզում է կապը քեմալական ժառանգության հետ` պաշտպանելով Թուրքիայի լիազորությունները Մերձավոր Արեւելքում:

Կովկասում, ինչպես Սիրիայում, Թուրքիայի եւ Իրանի շահերը միահյուսված են Ռուսաստանի շահերին: Կրեմլի հետաքրքրությունը Մերձավոր Արեւելքի նկատմամբ աճում է ոչ միայն Լիբիայի, Սիրիայի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում, այլեւ ՕՊԵԿ-ից Աֆղանստան դիվանագիտական ասպարեզում: Մոսկվան սերտ կապեր է պահպանում տարածաշրջանի բոլոր հիմնական դերակատարների հետ՝ երբեմն թեքվելով մեկի, ապա մյուսի կողմը: Նա այս հավասարակշռությունն օգտագործել է, որպեսզի ընդլայնի իր առավելությունը: Ինչ է նա ուզում Մերձավոր Արեւելքից, մնում է անհասկանալի, բայց ԱՄՆ-ի ուշադրության թուլացման հետ մեկտեղ, Մոսկվայի կապերի բարդ ցանցը պատրաստ է հսկայական դեր ունենալ տարածաշրջանի ապագայի ձեւավորման գործում:

Իսրայելը նաեւ ընդլայնել է իր ներկայությունը արաբական աշխարհում: 2019-ին Թրամփը ճանաչեց Իսրայելի պահանջները 1967 թվականին Սիրիայից բռնազավթված Գոլանի բարձունքների հանդեպ, եւ այժմ Իսրայելի ղեկավարները մտադիր են ընդլայնել իրենց սահմանները՝ պաշտոնապես միացնելով Արեւմտյան ափի մասերը: Բայց Աբրահամյան համաձայնագրերը ենթադրում են, որ արաբները մատների արանքով են նայում այդ ամենին՝ իրենց դիրքերն ամրապնդելու համար: Նրանք ցանկանում են փոխհատուցել Մերձավոր Արեւելքի նկատմամբ Ամերիկայի հետաքրքրության նվազումը՝ Իրանի եւ Թուրքիայի դեմ Իսրայելի հետ դաշինքով: Նրանք Իսրայելի մեջ տեսնում են հենարան, որը նրանց պահում է տարածաշրջանում ազդեցության համար մեծ խաղի մեջ:

Իրանի եւ Իսրայելի միջեւ լարվածությունը վերջին տարիներին նկատելիորեն սրվել է, քանի որ Իրանը ավելի ու ավելի խորն է ներթափանցել արաբական աշխարհ: Այս երկուսն այժմ ներգրավված են Սիրիայի թուլացմանն ուղղված պատերազմում եւ կիբեռտարածքում: Իսրայելն ուղղակիորեն թիրախավորել է Իրանի միջուկային եւ հրթիռային ծրագրերը, իսկ վերջերս նրան մեղադրել են իրանցի միջուկային առաջատար գիտնականի սպանության մեջ:

Սակայն Մերձավոր Արեւելքի համար պայքարը ոչ միայն Իրանին է վերաբերում: Թուրքիայի հարաբերություններն Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի եւ Եգիպտոսի հետ վատթարանում են վերջին տասնամյակի ընթացքում: Այնպես, ինչպես Իրանն է աջակցում է «ՀԱՄԱՍ»-ին Իսրայելի դեմ, Թուրքիան հետեւեց այդ օրինակին, սակայն աջակցելով «Մուսուլման եղբայրներին» զայրացրեց նաեւ արաբ ղեկավարներին: Թուրքիայի ներկայիս տարածաշրջանային դիրքորոշումն Իրաքում, Լիբանանում, Սիրիայում եւ Աֆրիկայի եղջյուրում, ինչպես նաեւ` Կատարի Տրիպոլիի կառավարության պաշտպանությունը Լիբիայում ուղղակիորեն հակասում են Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի եւ Եգիպտոսի վարած քաղաքականությանը:

Այս ամենը վկայում է այն մասին, որ Մերձավոր Արեւելքում շարժիչ ուժն այլեւս գաղափարախոսությունը կամ կրոնը չէ, այլ` հնաոճ իրական քաղաքականությունը: Եթե Իսրայելն ամրապնդի Սաուդյան Արաբիայի դիրքերը, ապա կարելի է ակնկալել, որ նրանք, ովքեր վտանգ են զգում դրանից, օրինակ` Կատարը կամ Օմանը, կապավինեն Իրանին եւ Թուրքիային պաշտպանության հարցում: Սակայն եթե իսրայելա-արաբական դաշինքն Իրանին եւ Թուրքիային միավորելու հիմք տա, Թուրքիայի ագրեսիվ դիրքորոշումը Կովկասում եւ Իրաքում կարող է խնդիր դառնալ Իրանի համար: Թուրքիայի ռազմական աջակցությունն Ադրբեջանին այժմ համահունչ է Բաքվի աջակցությանը, իսկ Իրանը, Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն համաձայնության են եկել` անհանգստանալով հակամարտությունում Թուրքիայի հաջող մանեւրի հետեւանքների համար:

Քանի որ այս մրցակցությունը տարածվում է ամբողջ տարածաշրջանում, այն, ամենայն հավանականությամբ, ավելի անկանխատեսելի կդառնա, ինչպես եւ տակտիկական դաշինքի մոդելը: Իր հերթին, դա կարող է խթանել Ռուսաստանի միջամտությունը, որն արդեն ապացուցել է, որ գիտի` ինչպես օգտագործել տարածաշրջանում առկա ճեղքերն իր օգտին: Չինաստանը նույնպես կարող է հետեւել այդ օրինակին. Իրանի հետ ռազմավարական գործընկերության եւ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային գործարքի մասին դրա խոսակցությունները կարող են պարզապես բացման քայլ լինել: ԱՄՆ-ն Չինաստանի մասին մտածում է Խաղաղ օվկիանոսի տեսանկյունից, սակայն Մերձավոր Արեւելքը սահմանակից է Չինաստանի արեւմտյան սահմանին, եւ հենց այդ դարպասներով է Պեկինն իրականացնելու Եվրասիական ազդեցության գոտու իր տեսլականը:

Բայդենի վարչակազմը կարող է կարեւոր դեր ունենալ լարվածության թուլացման հարցում` խրախուսելով տարածաշրջանային երկխոսությունը եւ հնարավորության դեպքում օգտագործելով իր ազդեցությունը հակամարտությունների դադարեցման եւ հարաբերությունների վերականգնման համար: Ի պատասխան Վաշինգտոնում տեղի ունեցած փոփոխությունների` թշնամի հակառակորդները ազդարարում են հրադադարի մասին, եւ դա նոր վարչակազմին հնարավորություն է տալիս:

Չնայած Թուրքիայի հետ հարաբերությունները սրվել են, այն շարունակում է ՆԱՏՕ-ի դաշնակիցը մնալ: Վաշինգտոնը պետք է կենտրոնանա ոչ միայն Իսրայելի եւ Թուրքիայի, այլ նաեւ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի միջեւ կապերի բարելավման վրա, իսկ դա նշանակում է մղել Ռիադին եի Աբու Դաբիին Քաթարի հետ հարաբերությունների իրական բարելավմանը: Պարսից ծոցի մրցակիցները զինադադար են հայտարարել, սակայն նրանց բաժանող հիմնարար խնդիրները շարունակում են պահպանվել, եւ եթե դրանք ամբողջությամբ չլուծվեն, նրանց տարաձայնությունները կարող են նոր խախտման հանգեցնել:

Իրանն ավելի բարդ խնդիր է: ԱՄՆ պաշտոնյաները նախ ստիպված կլինեն վիճել միջուկային գործարքի ապագայի շուրջ, սակայն ավելի շուտ վաղ, քան թե ուշ Թեհրանն ու Վաշինգտոնը ստիպված կլինեն խոսել ավելի լայն տարածաշրջանում Իրանի ընդլայնողական ջանքերի եւ բալիստիկ հրթիռների մասին: Վաշինգտոնը պետք է իր արաբ դաշնակիցներին դրդի ընդունել այս մոտեցումը եւներգրավել Իրանին: Ի վերջո, սանձել Իրանի հովանավորյալներին եւ սահմանափակել նրա հրթիռները կարելի է զենքի տարածաշրջանային վերահսկման եւ անվտանգության տարածաշրջանային ճարտարապետության կառուցման միջոցով: Միացյալ Նահանգները պետք է նպաստեն եւ աջակցեն այս գործընթացին, սակայն տարածաշրջանային դերակատարները պետք է ընդունեն այն:

Մերձավոր Արեւելքն անդունդի եզրին է. արդյոք ապագան խաղաղ կլինի` կախված է Միացյալ Նահանգների ընտրած ուղուց: Եթե Բայդենի վարչակազմը ցանկանում է խուսափել ԱՄՆ-ի անվերջ բախումներից Մերձավոր Արեւելքում, ապա այն, որքան էլ դա տարօրինակ չէ, ավելի շատ ժամանակ եւ դիվանագիտական ռեսուրսներ պետք է ներդնի տարածաշրջանում: Եթե Վաշինգտոնը ապագայում ուզում է ավելի քիչ բան անել Մերձավոր Արեւելքում, ապա նախ պետք է ավելի շատ բան անի` գոնե ինչ-որ կայունության հասնելու համար: Նա պետք է սկսի ավելի լայն հայացքից տարածաշրջանային դինամիկային եւ տարածաշրջանային նոր ուժերի մրցակցության թուլացումն իր առաջնահերթությունը դարձնի

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ