Սյունիքի մարզի Ագարակ քաղաք Նիկոլ Փաշինյանի երթի ժամանակ քաղաքացիներից մեկը «Նիկոլ կապիտուլիանտ» վանկարկեց, ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց. «Կապիտուլիանտը դուք եք»։
Քաղաքացին էլ արձագանքեց, որ Փաշինյանն է փաստաթուղթ ստորագրել, իրենք ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրել։
Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանն այցելել էր Ագարակ քաղաք, որտեղ քաղաքացիները նրան դիմավորել են հայհոյանքներով եւ վիրավորանքներով։ Սյունեցիները պահանջում էին, որ նա հեռանա մարզից։ Որոշ ժամանակ անց Փաշինյանը մեծաթիվ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ հեռացավ Ագարակից։ Արդյունքում Փաշինյանի երթը չիրականացավ։
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 21-ին, սյունեցիները նրան դիմավորել են՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ թուրք», «Բարեւ բ... տղա», «Ողջույն բ... տղա», «Քեզ ոչ մեկ չի ողջունում», «Կապիկ», «Ողջույն, կապիտուլյանտ» վանկարկումներով։ Այդ լարված միջոցին քաշքշուկ է սկսվել ոստիկանների եւ սյունեցիների միջեւ։
Նախօրեին՝ ապրիլի 20-ին, NEWS.am-ը հայտնել էր, որ Փաշինյանի խիստ գաղտնի պայմաններում ուղեւորվել է Սյունիքի մարզ։ Նրա այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։
Փաշինյանը երեկ գիշերով այցելել էր Շուռնուխ համայնք։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանին բնակիչները ընդունել են վրդովված եւ սառը։
Հիշեցնենք, որ նախօրեին անսպասելիորեն փոխվել են Սյունիքի ոստիկանապետը, նրա տեղակալը, Գորիսի եւ Կապանի ոստիկանապետերը։ Մեկ համայնքից բացի Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարները հրապարակավ պահանջել են Փաշինյանի հրաժարականը։