News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ժամանակին Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ էր Լեռնային Ղարաբաղի տարածքի գրեթե կեսը զիջել Ադրբեջանին: Այս մասին մայիսի 5-ին Ազգային ժողովի նիստում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:

Փաշինյանը, մասնավորապես, հիշեցրեց Սարգսյանի հարցազրույցը, որը նա տվել էր 2016-ի նոյեմբերին «Россия сегодня» գործակալությանը:

«Սարգսյանն այն ժամանակ հայտարարեց, որ իրենք պատրաստ էին 7 շրջանները հանձնել Ադրբեջանին: Բայց Ադրբեջանն ավելին էր պահանջում: Սարգսյանն ասաց, որ ամեն անգամ Ադրբեջանը նոր պահանջներ էր առաջադրում: Ես ձեզ ավելին ասեմ՝ Սերժ Սարգսյանը ավելի շատ բան էր տալիս Ադրբեջանին, ընդհուպ Ղարաբաղի կեսը, բայց Ադրբեջանը «ոչ» էր ասում»,- նշեց Փաշինյանը:

Փաշինյանը նաեւ հիշեցրեց, որ երկուշաբթի օրը հարց է բարձրացրել՝ արդյոք Սարգսյանն այնտեղ ապրող ադրբեջանցիներին ե՞ւս համարում է Ղարաբաղի բնակչություն: Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները իրեն պատասխանել են, որ հանրաքվեին այս դեպքում պետք է մասնակցեր խորհրդային շրջանում Ղարաբաղի բնակչությանը համարժեք բնակչություն։

«Եթե դա այդպես է, ապա պետք է նաեւ նկատի ունենալ, որ խորհրդային տարիներին Ղարաբաղում ապրում էր 40 000 ադրբեջանցի: Եւ եթե այս 40 000 ադրբեջանցիները, ըստ Սարգսյանի ու ՀՀԿ-ի, ստանային Ղարաբաղի բնակչի կարգավիճակ, ապա ես նրանց հարցնում եմ՝ որտե՞ղ պետք է նրանք ապրեին»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Բացի այդ, ըստ Փաշինյանի, նույնիսկ եթե ենթադրենք, թե հանրաքվեին մասնակցեին 40 000 ադրբեջանցիներ եւ Ղարաբաղի 130 000 հայեր, իսկ հայ բնակչությունը ձայների մեծամասնությամբ ինքնորոշվեր, ապա այլ հարց է առաջանում:

«Որտե՞ղ են երաշխիքները, որ այդ 40 000 ադրբեջանցիներն իրենց հերթին չէին ցանկանա ինքնորոշվել», ասաց նա։

Նրան անհասկանալի է, թե որտեղ պետք է անցկացվեր հանրաքվեն՝ միայն Ղարաբաղո՞ւմ, թե՞ Ադրբեջանի ամբողջ տարածքում: Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ չնայած բանակցային փաստաթղթի ամբողջ լրջությանը, որը սեղանին էր դրված Սարգսյանի օրոք, Բաքուն համաձայն չէր դրա հետ: Նախկին բանակցությունների տրամաբանությունը Փաշինյանը գնահատում է որպես Ղարաբաղի կեսը Ադրբեջանին զիջելու Սարգսյանի համաձայնություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ