News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն երկօրյա այցով մեկնել է Սաուդյան Արաբիա՝ փորձելով արագացնել տարածաշրջանային մրցակիցների հարաբերությունների կարգավորումը:

Սա վերջին 4 տարիների ընթացքում Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Էր Ռիադ՝ հարաբերությունների սրացումից հետո՝ 2017 թվականին Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ Կատարի շրջափակման եւ մեկ տարի անց Ստամբուլում սաուդցի այլախոհ Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիայում հանդիպումներից առաջ երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել Սալման թագավորի հետ: Ապրիլին նրանք պայմանավորվել էին արտգործնախարարների հանդիպման մասին՝ հարաբերությունների կարգավորման գործընթացը առաջ տանելու համար:

Անանուն թուրք բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ Չավուշօղլուն եւ Ալ-Սաուդը, ամենայն հավանականությամբ, կքննարկեն Սիրիայի եւ Լիբիայի հակամարտությունների վերաբերյալ դիրքորոշումները:

Սաուդյան Արաբիան դեմ է հանդես եկել Սիրիայում Թուրքիայի ռազմական միջամտությանը՝ ներառյալ վերջինիս՝ 2019 թվականի հոկտեմբերի վերջի առաջխաղացումը:

Այցի ընթացքում, հավանաբար, կարեւոր թեմա կդառնա նաեւ Սաուդյան Արաբիայում շարունակվող թուրքական ապրանքների ոչ պաշտոնական բոյկոտը:

Սաուդյան Արաբիան երկար ժամանակ դեմ է հանդես գալիս քաղաքական իսլամին, հատկապես «Մուսուլման եղբայրների» առնչությամբ: «Արաբական գարնան» ընթացքում Սաուդյան Արաբիան եւ նրա դաշնակիցներ Եգիպտոսը, Բահրեյնը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները ակտիվորեն դեմ էին արտահայտվում Եղբայրության հետ կապված շարժումներին, ինչը խորացրել է տարաձայնությունները Թուրքիայի եւ Կատարի հետ:

Հնարավոր են Սաուդյան Արաբիայի կողմից թուրքական մարտական անօդաչու սարքերի գնման շուրջ քննարկումներ: Մարտին Էրդողանը հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիան հետաքրքրություն է ցուցաբերել անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու հարցում:

Սաուդյան երկու ընկերություններ նախապես համաձայնագիր էին կնքել թուրքական Vestel Savunma ընկերության հետ՝ Karayel-SU անօդաչու թռչող սարքի համատեղ արտադրության մասին: Եմենում պատերազմի հետ կապված բացասական արձագանքի պատճառով արեւմտյան մի շարք երկրների ավանդական մատակարարները մերժել էին Էր Ռիադին նմանատիպ սարքավորումների վաճառքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ