News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

2020 թվականին Սեւանա լճից բաց է թողնվել 22.8 մլն խմ ավելի պակաս ջուր։ Այս հայտարարությունն արել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովի մայիսի 10-ի արտահերթ նիստին, սակայն չի ասել, որ իրենց իշխանությունը 2018 թվականին նախատեսվածից 40 մլն խմ-ով ավելի ջուր էր բաց թողել։ Ի դեպ, համաձայն օրենքի՝ Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակ սահմանված է մինչև 170 մլն խմ-ն:

Բնապահպանները խիստ մտահոգիչ են համարում, որ 2020 թվականի ընթացքում նույն կառավարությունը ձախողել է Սևանա լճի ափամերձ շրջանների մաքրման աշխատանքը, ինչի պատճառով լճի ճահճացումը շարունակվում է․ ծառերը, թփերը մնում են ջրի տակ։ Կոռուպցիայից և դղյակներից պարբերաբար խոսող Փաշինյանի կառավարությունը մինչև հիմա չի կարողացել նույնիսկ Սևանա լճի ափամերձ հատվածներն ազատել ապօրինի շինություններից։ Ճիշտ հակառակը, իշխող խմբակցության պատգամավորն առանց թույլատվության հանրային լողափում շինարարություն և ճոխ խնջույքներ է կազմակերպում, որոնցից մեկը՝ հետպատերազմյան ծանր օրերին։

Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման մասին խոսող կառավարության ներկայացուցիչը պարտավոր էր նաև գոնե մոտավոր գնահատական տալ արցախյան վերջին պատերազմի հետևանքով ջրայի ռեսուրսների կորստի վերաբերյալ։ Նույն Փաշինյանը մի ստորագրությամբ հանձնեց ջրային ռեսուրսներով հարուստ Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները, որտեղից սկիզբ էին առնում Սևանա լիճ թափվող գետերը, որոնք հիմա գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ, ինչը սպառնալիք է Հայաստանի քաղցրահամ ջրի շտեմարանի համար։ Այդ ջրային ռեսուրսներն ունեին նաև էներգետիկ նշանակություն։

Քարվաճառի և Քաշաթաղի գետերի վրա կառուցված էին 23 ՀԷԿ-եր, որոնք տարեկան Հայաստան էին մատակարարում 330 մլն կՎտժ համեմատաբար էժան էլեկտրաէներգիա։ Ջրի մի քանի սմ-ի բարձրացման մասին խոսող կառավարության ղեկավարն ու նրա թիմը ինչպե՞ս են պատկերացնում ջրային ռեսուրսների անվտանգության խնդրի լուծումը, հայտնի չէ։ 21-րդ դարում քաղցրահամ ջուրը հարստություն է, իսկ Փաշինյանի կառավարման ընթացքում Հայաստանը կորցրել է իր հարստության զգալի մասը։ Ցավոք, առայսօր ջրային ռեսուրսների կորստի փաստը, դատելով մամուլի անդրադարձերից եւ հրապարակային խոսքից, հասարակության և քաղաքական շրջանակները դեռևս ամբողջ խորությամբ չեն գիտակցել։

Հուսանք՝ Սևանա լճի մակարդակի բարձրացման մասին հայտարարությունները հող չեն հանդիսանում այս տարվա համար օրենքով նախատեսվածից ավելի ջուր բաց թողնելու համար՝ նկատի ունենալով ատոմակայանի երկարաժամկետ պլանային վերանորոգումը և Արցախ ՀԷԿ-երի կորուստը։ Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատարի հայտարարությանը, թե 2020թ․-ին 4.8 հազար հեկտարով ավելի տարածք է ոռոգվել, քան 2019–ին, ապա հիշեցնենք, որ Հայաստանը ունի 2 մլն հա գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնցից վարելահողերը 440 հազար հա են, և ըստ վերլուծությունների՝ 50 տոկոսը չի մշակվում արդյունավետ ու նպատակային, ավելին՝ 2020 թվականին կրճատվել է վարելահողերի օգտագործումը։ Այդ վարելահողերի 37 տոկոսն է ընդամենն ոռոգվում։ Ակնահայտ է, որ վարչապետի պաշտոնակատարը կամ տեղյակ չէ տնտեսական վիճակից կամ կանխամտածված փորձում է մոլերեցնել հանրությանը՝ ոչ էական թվեր հայտարարելով։ Սահմանադրությամբ է հռչակված՝ ջրային ռեսուրսները ազգային հարստություն են, և յուրաքանչյուր կառավարություն պարտավոր է պահպանել և հաջորդ սերունդներին փոխանցել դրանք։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կարողացել դա լիարժեք իրականացնել։

Արամ Աճեմյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ