News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին այսօր՝ մայիսի 13–ի վաղ առավոտից շարունակվել են ահազանգեր հասցեագրվել Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի բնակիչներից` կապված ՀՀ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ` արոտավայրերի տարածքներում 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի անօրինական ներկայության հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Ահազանգեր են ստացվել, մասնավորապես, Գեղարքունիքի Վարդենիս, Կութ, Վերին Շորժա, ինչպես նաեւ Սյունիքի Գորիս, Վերիշեն, Խնածախ, Խոզնավար, Վաղատուր բնակավայրերից:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այդ թվում` Գեղարքունիքի ու Սյունիքի ստորաբաժանումների ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանական զինվորականների անօրինական արարքները կոպտորեն խախտում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները: Պաշտպանի աշխատակազմը արձանագրել է ահազանգեր լրատվամիջոցներում:

Ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայությունը ՀՀ սահմանային բնակիչներին զրկում է իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, իրական վտանգ է համայնքներում ոռոգման ու խմելու ջրի հասանելիության (օրինակ` Սեւ լճի տարածքը) համար: Ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը նշված վայրերում իրական վտանգ է մարդկանց կյանքի ու անվտանգության համար, խաթարում է նրանց հոգեկան անձեռնմխելիությունը: Մայիսի 12-ից սկսած լարվածություն է առաջացել հայաստանյան հասարակությունում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցների ուշադրությունը հավիրում է այս ահազանգերի վրա եւ արձանագրում, որ ՀՀ սահմանային բնակիչների նշված իրավունքները ճանաչված են միջազգայնորեն եւ երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ