News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Արտակարգ և լիազոր դեսպան, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանի  տեղեկություններով՝ 2 օր առաջ Սև լճի մոտ Ադրբեջանն արդեն տեղադրել է ծանր տեխնիկա և հրետանի:

«Իմ տեղեկությունների համաձայն, Սյունիքի ներխուժումը, որ ասում էին 250 ադրբեջանցիներ են ներխուժել և հանդարտ քայլելով գալիս են, այնտեղ 3-ից 4 տասնյակ ջիհադիստներ կան, որոնց պատերազմից առաջ եւ ընթացքում Թուրքիան ուղարկել էր Ադրբեջան՝ մասնակցելու պատերազմին։ Հիմա այդ ջիհադիստների մեծ մասը ընդգրկված է Ադրբեջանի սահմանապահ զորքերում և Ադրբեջանի քաղաքացիություն ունեն։ Երկրորդ, իմ տեղեկություններով՝ 2 օր առաջ Սև լճի մոտ Ադրբեջանն արդեն տեղադրել է ծանր տեխնիկա և հրետանի։ Եվ հետաքրքիրն այն է, որ բանակցությունները չեն եղել, բայց նույնիսկ մայիսի 16-ի բանակցություններին հայկական կողմը չի մասնակցել, Մուրադովն է տարել այդ բանակցությունները, որոնք զրոյական արդյունք են տվել։ Սա ուղղակի նշանակում է, որ Ռուսաստանի ազդեցությունը նվազել է Հայաստանի իշխանությունների վրա, և որ Հայաստանի իշխանությունները լրիվ ուրիշ խաղ են խաղում։ Ավելին, հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ Մոսկվայի ազդեցությունը էապես նվազել է նաև Ադրբեջանի վրա։ Մենք երեկ գտնվում էինք մի այնպիսի իրավիճակում, որ բախումների հավանականությունը շատ մեծ էր Հայաստանի տարածքում Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ, բայց վստահ եմ, որ Ռուսաստանի նախագահի երեկ ունեցած երկու հեռախոսազրույցները Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ, այդ բախման հավանականությունը էապես քչացրել են, բայց կարծում եմ՝ դա երկարատև չէ, որովհետև Ադրբեջանը այն ինչ իրականացնում է, այսինքն ներխուժում, առանց կրակոցի ագրեսիա Հայաստանի նկատմամբ, նույնը կատարվում է նաև Արցախում՝ Քելբաջարի, մասնավորապես՝ Հաթերքի և  այլ ուղղություններով դիրքերը առաջ տալով։ Իր այդ քաղաքականությամբ Ադրբեջանը կարծես թե փորձում է շոշափել՝ որտեղ են Մոսկվայի կարմիր գծերը եւ դրանց դեռ չեն հասել։ Այստեղ ողջ մեղքը Հայաստանի իշխանություններինն է և այն ծրագրավորված քաղաքականությանը, որ նրանք տանում են։ Ցավոք սրտի կարծում եմ՝ բախումների հավանականության նվազումը ժամանակավոր երևույթ է, և Ադրբեջանը դա կշարունակի անել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Շահնազարյանը:

Ադրբեջանական զորքը մեկ շաբաթից ավելի է, ինչ հատել է Հայաստանի պետական սահմանը Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ: Շահնազարյանի համոզմամբ՝ այդ դիրքերը պահող զորքին հրաման էր տրված, որևէ դիմադրություն ցույց չտալ։

«Ասել, որ դա խայտառակություն է, դա ոչինչ չի նշանակում, դա պետական դավաճանություն է, որովհետև Հայաստանի պետական սահմանի դիրքում կանգնած զինվորը ուղղակի պարտավոր է կրակել, եթե որևէ մեկը զինված փորձ է անում հատել այդ սահմանը, այսինքն՝ ագրեսիա կատարել և օկուպացրել։ Սա ստորացուցիչ է մեր պետության, ժողովրդի համար։ Այստեղ ամենացավալին այն է, որ չգտնվեց մի վաշտի, գումարտակի հրամանատար, որը չենթարկվեր պետական դավաճանություն հանդիսացող այդ հրամանին, չգտնվեց մի սպա, որ հրաժարվի դա կատարել և կատարի իր պարտքն ու զինվորական երդումը։ 2016թ. ապրիլյան քառօրյայի ժամանակ, ողջ ճակատը 116 մարտական դիրք էր, հիմա պարզվում է այդպիսի դիրք չկա։ Սա ցույց է տալիս, թե ինչ վիճակի են հասցրել մեր Զինված ուժերին։ Երկու օր առաջ ադրբեջանցի զինվորականները ուղղակի ծեծելով քշում էին մեր զինվորներին։ Սա վատ ազդեցություն ունեցավ իմ վրա: Սա գուցե ավելի նվաստացուցիչ է, քան ռազմական պարտությունը։ Այս իշխանությունը մտածված շարունակում է մեր ազգի, պետության, բանակի նվաստացնելու քաղաքականությունը»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:

Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին, սակայն առ այսօր հստակ արձագանք չկա: Շահնազարյանը հարց է բարձրացնում՝ եթե դու չես պաշտպանում քո հայրենիքը, ուրիշն ինչու պետք է գա և պաշտպանի:

«ՀԱՊԿ–դիմել էր երկրորդ հոդվածով, ոչ թե չորրորդ, որը ագրեսիային էր վերաբերում: Ես համարում եմ անիմաստ, եթե չասեմ վնասակար, ՀԱՊԿ–ին այդպես դիմելը։ Ի՞նչ է՝ Ղրղզստանն ու Բելառուսը պետք է գային այստեղ մեր փոխարեն մեզ պաշտպանենին։ Մանավանդ այն դեպքում, երբ այս իշխանությունն ամբողջապես տապալել է արտաքին քաղաքականությունը։ Պետք է տարրական քաղաքագիտական գիտելիքներ ունենալ, որ հասկանաս, թե ՀԱՊԿ–ն ինչ կառույց է։ ՀԱՊԿ–ը պետությունների մի խումբ է, որոնցից ամեն մեկը առանձին–առանձին ունի իր ռազմաքաղաքական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Անվտանգության հարցերով իրար հետ այդքան սերտ չեն։ Այսինքն՝ առանց Ռուսաստանի հետ պայմանավորվելու, դա մտցնելը,  համարվում է հարված ՀԱՊԿ–ի հեղինակությանը ։

Սա այն նույն քաղաքականության շարունակությունն է, որով 2018–ին ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչեցին: Եվ ինչպես Ռուսաստանի հետ են ձևական հարաբերություններ, նույնն էլ ՀԱՊԿ-ով է։ Այնուհետև տեսեք՝ ինչ է լինում, ինքը սկսում է զանգահարել, խոսել ՀԱՊԿ անդամ երկրների հետ։ Օրինակ Բելառուսի նախագահի հետ խոսելու հաջորդ օրը Բելառուսի Պաշտպանության նախարարի պատվիրակությունը մեկնում է Բաքու։ Այսինքն սա այնտեղ ընկալվում է նույնպես քայլ, որը հարվածում է ՀԱՊԿ-ի հեղինակությանը։ Միջազգային հարաբերությունները, հատկապես այդպիսի իրավիճակում, երբ անվտանգության խնդիր կա և օգնություն ես խնդրում, դրանք փաստաթղթերով չեն արվում։ Բազմաթիվ դեպքեր կան, երբ առանց փաստաթղթի մի պետությունը մյուսին ռազմական օգնություն է ցույց տալիս և նույնիսկ միջամտում է։ Սա նույն քաղաքականությունն է՝ մտածված եւ դրսից թելադրվող»,- ընդգծեց Դավիթ Շահնազարյանը: Ինչ վերաբերում է հայ-ռուսական պայմանագրերի հիման վրա Ռուսաստանին դիմելուն, Դավիթ Շահնազարյանը դա համարում է սադրիչ քայլ, որն ուղղակիորեն ցույց է տալիս, որ ռազմավարական գործընկերոջ հետ որեւէ ինստիտուցիոնալ հարաբերություններ չկան:

«Ընդհանրապես միջազգային հարաբերություններում, պետությունների մեջ հարաբերություններում,  փաստաթղթերով չէ, որ ամեն ինչ որոշվում է, այլ հարաբերությունների մակարդակով, խորությամբ և թե ինչքանով են դրանք ինստիտուցիոնալիզացված։ Սա ձեւական դիմում էր, եթե դու քեզ չես պաշտպանում, որևէ մեկը քեզ չի պաշտպանելու։ Իսկ չպաշտպանվելը, մեր սպաներին, զինվորներին այդ վիճակում նվաստացնելու պայմաններում կարող եք պատկերացնել՝ Հայաստանին ինչպես պետք է վերաբերեն և այս իշխանություններին ինչպես պետք է վերաբերեն։ Բանակը առաջին հերթին սպաներն են, սպառազինություններ, ծանր հրետանի, ամեն ինչ կարելի է ձեռք բերել, բայց սպաներին հասցնել այսպիսի բարոյահոգեբանական վիճակի, դա այս իշխանությունների նպատակն է եղել։ Մեկ անգամ ասել եմ, որ պատճառներից մեկը՝ ինչու չկանգնեցվեց այս պարտվողական պատերազմը, այն էր, որ բանակը պետք էր ջախջախել և ստորացնել, որովհետեւ նա վախենում էր այդ բանակից, եւ հիմա այն ամբողջապես ըստ էության ստորացված է»,- ասաց Շահնազարյանը:

Անդրադառնալով նախօրեին Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի գրառմանը, որում նա տեղեկացրեց, որ ևս մեկ փաստաթուղթ է ստորագրվելու, Շահնազարյանն ասաց.  «Հայաստանի գործող ղեկավարն արդեն հայտարարել է, որ նա ստորագրելու է այդ փաստաթուղը, որը սահմանազատմանն է վերաբերում և համաձայնեցված է ամբողջապես։ Խոսքը գնում է Տավուշի 8 գյուղերի և Տիգրանաշենի մասին։ Դրա հետեւանքները ավելի քան պարզ են։ Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված էր, որ կողմերը մնում են իրենց տեղերում։ Բայց ինչ արեց դրանից հետո Փաշինյանը, երկկողմ համաձայնություն ձեռք բերելով Ալիևի հետ, ամբողջ հարավում նա հետ քաշեց մեր  զորքերին, որոնք տեղեր կար, որ 20-25կմ այսօրվա սահմաններից ավելի առաջ էին։ Եթե սահմանազատում է պետք է սկսեին, այդ ժամանակ պետք է սկսեին, պայմանավորվեին, հետ քաշվեին, ոչ թե ամբողջովին հետ քաշվեին, ռազմավարական նշանակություն ունեցող Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը հանձնեին Ադրբեջանին և հիմա ընկնեին այդ վիճակի մեջ։ Այս ամեն ինչը ավելի քան ծրագրավորված եւ նախատեսված է և այսպես էլ կշարունակվի, քանի  դեռ այս իշխանությունը կա։

Սա իշխանություն չէ, սա մեր պետականության կազմաքանդման հանձնաժողով է իր բոլոր ճյուղերով, և միակ ճանապարհը օր առաջ այս իշխանությանը հեռացնելն է, որովհետև մեր քաղաքական համակարգը, կարծում եմ՝ նաև ընդդիմությունը նույնքան պատասխանատվություն է կրում այս իրավիճակի համար, որքան իշխանությունը։ Սկսած 2018 թվականից և մինչև հիմա գործողությունները բացարձակ ադեկվատ չեն, օր առաջ պետք է հեռացնել՝ չսպասել այս՝ ընտրություններ կոչվող միջոցառմանը, եւ բացարձակ պետք չէ մեղադրել հանրությանը, ամեն կուսակցություն իրեն պետք է մեղադրի դրա համար, որովհետեւ նման իրավիճակներում հանրությունը չի որոշում, այլ նրանց 1-2 տոկոսն են այս ամենը  որոշում, բայց նրանք արդեն պառակտված են։ Այս ընտրություններն ինձ հիշեցնում են խրախճանք ժանտախտի ժամանակ, և իշխանափոխությունը ոչ թե քվեաթերթիկները հաշվելով պետք է փոխվի, այլ ուղղակի պետք է դուրս շպրտվի այս իշխանությունը, և դրա համար մենք ժամանակ չունենք։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ինչ ձևով էլ որ դա արվի, դա կլինի օրինական: Բոլոր ձեւերով դա պետք է արվի, որովհետև արդեն ժամանակի հաշվարկը մեզ մոտ ժամերով կամ օրերով է գնում»:

Դավիթ Շահնազարյանը հայտարարեց նաև, որ առաջիկայում սպասվում է ևս մեկ փաստաթղթի ստորագրում, որն ամենակարևորն է լինելու:

«Ամենակարեւոր փաստաթուղթը նույնիսկ այն չէ, որի մասին հայտարարվեց, որ պետք է ստորագրվի, կարեւորագույն փաստաթուղթը, ինչի համար այս ամենը կատարվել է եւ ինչի համար բերել են դրսի ուժերը Փաշինանին և նրա հակահայկական բանդան իշխանության, դա Սյունիքն է եւ հաղորդակցության ուղիները։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում՝ 9-րդ կետում, և հունվարի 11-ի փաստաթղթում էլ դրա մասին նշված է, ասվում է, որ հաղորդակցության ուղիները՝ ավտոմոբիլային, երկաթուղային, նշված է, որ կարող են կառուցել նաև այլ կոմունիկացիաներ, դրանց վերահսկողությունը, գրված է, որ պետք է դրված լիներ Ռուսաստանի սահմանապահ զորքերի վրա։ Փաշինյանը վերջերս բազմիցս հայտարարել է, որ միջանցքներ չեն լինելու։ Դա նշանակում է, որ այդ կետը, որը նշանակում է, որ վերահսկողությունը պետք է ռուսական կողմը իրականացնի, դա չի լինելու։ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ միջանցքներ չեն լինելու, բայց  հայտարարեց, որ հաղորդակցական ուղիների բացումը մեր օրակարգում է և Հայաստանի համար դա շատ կարևոր է։ Ռուսաստանում կա լուրջ մտաախություն, որ եթե դրանք չեն լինում Ռուսաստանի սահմանապահ զորքերի հսկողության տակ, ապա այդ հսկողությունը ավտոմատ անցնելու է Թուրքիային և ինչ-որ արևմտյան ուժերին,  գուցե նաև մասնավոր ընկերությունների, համենայն դեպս իշխանությունը այն հանձնելու է ուրիշին, ոչ թե պահելու է Հայաստանի վերահսկողության տակ։

Ես գիտեմ, որ կա նման փաստաթղթի նախագիծ, և հաջորդ քայլը լինելու է այդ փաստաթղթի ստորագրումը, որն ունի շատ մեծ աշխարհաքաղաքական նշանակություն։ Կարեւորը երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության ուղիները չեն, կարևորը նավթային և գազային խողովակաշարերն են, և կարող եմ ասել, որ ադրբեջանական Socar-ը և թուրքական Botax-ը արդեն փորձագիտական մակարդակով աշխատանքներ են տանում՝ ինչպես դա տանել, որ ճանապարհներով տանել, եւ դա արդեն կապվում է տրանսկասպյան այլ ծրագրերի հետ, որոնց կտրականապես դեմ են Իրանը և Ռուսաստանը։ Սա է ամբողջ նպատակը, դա պանթուրքական ծրագիրն է, որը պաշտպանվում է արեւմտյան որոշակի բավական լուրջ շրջանակների կողմից և ըստ էության հիմնական պատճառը, ինչի համար Փաշինյանին բերել են իշխանության, հենց սա է։ Նրանց համար այն, ինչ տեղի ունցավ Լեռնային Ղարաբաղում, առաջին ճաշատեսակն է։ Դրա համար ես համոզված եմ, որ ամեն ինչ պետք է արվի  օր առաջ այս իշխանությունները դուրս դրվեն։ Ես չեմ բացառում եւ համարում եմ խիստ հավանական, որ Հայաստանում առաջիկայում ձևավորվի լուրջ անկայունություն, նույնիսկ ստեղծվի կառավարելի ֆորս մաժորային իրավիճակ որոշ ուժերի կողմից, մենք ըստ էության պետականություն կորցնելու վտանգի տակ ենք»,- նշեց նա:

Շահնազարյանի խոսքով՝  իշխանությունը մոռացել է ջիհադիստների մասնակցությունը պատերազմին, Ադրբեջանի կողմից արգելված զենքերի օգտագործումը, ինչպիսին ֆոսֆորային զենքերն են, նույնիսկ ռազմագերիների մասին են մոռացել:

«Բրյուսելում քննարկվում է մի բանաձև,  որը վերաբերում է ռազմագերիներին, բանաձեւում կա նաեւ Հայաստանի տարածք ներխուժելու խնդիրը Ադրբեջնի կողմից, բավականին լավ բանաձև է,  Ադրբեջանի համար շատ կոշտ բանաձեւ է։ Սա իշխանության ջանքերի շնորհիվ չէ, որ արվել է, նրանք ընդհանրապես զրո արտաքին քաղաքականություն են վարում, որովհետև նրանք լուրջ չեն ընդունվում։ Ադրբեջանը կատաղելի դիմադրութուն է ցույց տվել, որպեսզի այս բանաձևը չընդունվի, բայց հաջողվել է և որևէ կասկած չունեմ, որ կընդունվի»,- ասաց նա:

Դավիթ Շահնազարյանի դիտարկմամբ՝ եթե Հայաստանի տարածքում բախումներ սկսվեն, գուցե հարցը տեղափոխվի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, ինչի մասին առաջարկել է Ֆրանսիայի նախագահը:  Նրա խոսքով՝ սա Ռուսաստանին ձեռնտու չէ, բայց Ադրբեջանը ձգտելու է և հասցնելու է դրան:

«Չեմ բացառում, որ այս իշխանություններն էլ,  եւ ով նրանց դրսից ղեկավարում է, փորձեն հարցը տանել դրան։ Ֆրանսիան մի քանի անգամ ռազմական օգնություն է առաջարկել Հայաստանին, ես սա բարձրաձայնել եմ մամուլով։ Սա եղել է հոկտեմբերի 4-ին եւ 11-ին։ Ֆրանսիան հայտարարում է, որ հայ ժողովրդի կողքին է, բայց Հայաստանի իշխանությունները բացարձակ որեւէ ինստիտուցիոնալ հարաբերություններ նույնիսկ չեն ստեղծել Ֆրանսիայի հետ։ Ավելին, Իրանի հետ ձեռք են բերվել շատ լուրջ պայմանավորվածություններ, նունիսկ սպառազինության հարցերով, այսօրվա իշխանությունները բոլոր այդ պայմանավորվածությունները սառեցրել և մոռացության են մատնել։ Այլ պետությունների կողմից նույնիսկ պատերազմի ժամանակ առաջարկ եղել է իր սպառազինություններն օգտագործելու, ոչինչ չի արվել, որովհետև սա կանխամտածված պատերազմ էր, որպեսզի ոչ միայն կորցնեինք Արցախի հսկայական մասը, այլեւ ըստ էության կորցնեինք բանակը, կազմաքանդեինք պետության բոլոր համակարգերը՝ սկսած անվտանգության համակարգերից, վերջացրած նույնիսկ տնտեսական համակարգերով։ Ես պատահական չասացի, որ իշխանության նպատակը պետության կազմաքանդումն է, սա է տեղի ունենում։

Հետագա զարգացումների սցենարները շատ դժվար է պատկերացնել, կան մի քանի սցենարներ, բոլորն էլ շատ վատ Հայաստանի պետության համար։ Միակ ելքը օր առաջ, ժամ առաջ այդ հարցը լուծելն է՝ կանգ չառնելով ոչնչի առաջ»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում…
ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան
ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ևս նկատեց՝ ահաբեկչությունը դատապարտող հայտարարություններ եղել են թե՛ ՀՀ վարչապետի, թե՛ ԱԺ և ՀՀ…
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Նա հայտնել է նաեւ, որ քարտուղարությունը պարբերաբար տեղեկացնում է Երեւանի համապատասխան...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել կազմակերպության ընդլայնումը տեսանելի ապագայում
Նման հնարավորությունը բացառված չէ...
Փաշինյանի հարցազրույցը հունական Kathimerini օրաթերթին հրապարակվել է ամերիկյան The New York Times-ում
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը վերատպել է...
ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը
Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ում։ ՀԱՊԿ-ի կողմից առաջարկ եղել է հայկական կողմին,մենք մերժել ենք...
Ամենաշատ