Բուլղարիայում Թուրքիայի երկու քաղաքացիներ բռնվել են մարմարե սալիկների մեջ թաքցրած 400 կգ հերոինով, հայտնում է AP-ն:
Թմրանյութերը չորս տարայով հասել են սեւծովյան Վառնա նավահանգիստ, որից հետո դրանք հասցվել են հարավային Սլիվեն քաղաքի պահեստ, ասել է մասնագիտացված դատախազության ղեկավար Վալենտինա Մաջարովան: «Սա իրանական հերոինի անօրինական վաճառքի խողովակ է, որը նախատեսված է Արեւմտյան Եվրոպայում հետագա տարածման համար»,- ասել է նա լրագրողներին:
Յուրաքանչյուր սալաքար պարունակել է 3-4 կգ բարձրորակ հերոին, որը պահվել է մարմարի խոռոչում: Մաքսանենգության արժեքը գնահատվում է 25 միլիոն լեւ (16 միլիոն դոլար):
Քառամսյա հետաքննությունից հետո ձերբակալվել են Թուրքիայի երկու քաղաքացիներ, որոնց մեղադրանք է առաջադրվել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: