News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 29
Տեսնել լրահոսը

Կասկածելի է, որ Իրանի հիմնական արտաքին քաղաքական սկզբունքները կփոխվեն այս երկրում նախագահական ընտրություններից հետո: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուսաստանցի փորձագետ, իրանագետ Կարինե Գեւորգյանը:

«Բացի այս ամենից, Բայդենի վարչակազմի հետ որոշակի պայմանավորվածություն այս կամ այն կերպ Իրանը ձեռք է բերել: Իրանական նավթը գնացել է ԱՄՆ, իրանական հեղուկացված գազը առանց խոչընդոտների գնում է Չինաստան, պատժամիջոցները հետզհետե կվերացվեն»,- ասաց Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ ընտրություններից հետո Հարավային Կովկասում Իրանի քաղաքականության եւ գործողությունների ակտիվացման մեծ հավանականություն կա:

«Ինձ հետաքրքրեց այն հայտարարությունը, որը վերաբերում է Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ Իրանի տարածքով կապի ստեղծման առաջարկություններին եւ Հայաստանի տարածքի հանդեպ հավակնություններ չունենալլու ուղղակի պահանջին: Ինձ թվում է, որ որեւէ փոփոխություն չի լինի, որոշակի կոշտություն կլինի Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականության նկատմամբ՝ հաշվի առնելով Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ փոխգործակցությունը եւ Իրանի դժգոհությունն այս ոլորտում:

Իր տարածքով հաղորդակցություններ ստեղծելու Իրանի հայտարարությունը ինքնատիպ պատասխան է Շուշիի հռչակագրին, որն առավելապես վկայում է Բաքվում եւ Անկարայում շտապողականության ու տագնապային տրամադրությունների մասին՝ կապված երկու երկրների ներքին իրավիճակի եւ միջազգային կոնյունկտուրայի հետ:

Ադրբեջանը պաշտոնապես անդամակցում է Չմիավորման շարժմանը, եւ, սրա հետ կապված, օտարերկրյա բազաներ չեն կարող լինել այս երկրի տարածքում: Եթե Բաքուն դուրս գա Շարժումից, Իրանի ու Ռուսաստանի դիրքորոշումներն այս հարցում կխստանան:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա 2007-ին ընդունված փաստաթղթի համաձայն, նա հնարավորություն ունի 10 000-անոց զորամիավորում տեղակայել Վրաստանի տարածքում: Այլ տարբերակներ չկան: Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու մտադրության մասին Էրդողանի հայտարարությունները պարզապես այս երկիրը գաղութացնելու հայտ են: Բայց սա, իմ տեսակետից, այնքան էլ իրատեսական չէ:

Հաշվի առնելով այս ամենը՝ Իրանը կարող է համատեղ նախագծեր նախաձեռնել Երեւանի հետ, ինչը կախված է հենց Հայաստանում իրավիճակի կայունացումից եւ, իհարկե, պայմանավորվածություններից, այդ թվում՝ ռուսական կողմի հետ, քանի որ Թեհրանը դժվար թե գնա որեւէ առճակատման եւ անտեսի տարածաշրջանում Մոսկվայի շահերը: Այս պարագայում այդ շահերը մասամբ համընկնում են՝ ազդեցությունը կանխել կամ նվազագույնի հասցնել Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում, որտեղ Անկարան բավականին լրջորեն հաստատվել է (նկատի ունեմ Վրաստանն ու Ադրբեջանը)»,- ընդգծեց Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Իլհամ Ալիեւը մայիսի 15-ին ստորագրել են Շուշիի հռչակագիրը, որում նշվում է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի բացման կարեւորությունը: Էրդողանը չի բացառել նաեւ Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ