News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 31
Տեսնել լրահոսը

Այս տարի հոկտեմբերին Հայաստանը երրորդ անգամ կհյուրընկալի միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողով»-ը («Summit of Minds»): Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:

Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովը» 2019 թվականից հյուրընկալվում է նաև Հայաստանում: Միջոցառման կազմակերպման մասին բացառիկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որպես գլխավոր բանախոս մասնակցում էր ամենամյա «Մտքերի գագաթնաժողովին»:

2021թ. «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը («Armenian Summit of Minds»)-ն անցկացվելու է Դիլիջանում, Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում: Այս մասին հայտարարել են գագաթնաժողովի համակազմակերպիչներ՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն` գագաթնաժողովի մասնակիցների հետ առցանց հանդիպմանը:

Ողջունելով մասնակիցներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է. «Կարծում եմ՝ մեզնից շատերը կարոտ են «Մտքերի գագաթնաժողով»-ին: Այս տարի կլինի ոչ թե մեկը, այլ մի քանիսը՝ Շամոնիում, Դիլիջանում և Վաշինգտոնում: Այս երեք գագաթնաժողովները ցույց են տալիս, որ մարդիկ իսկապես հետաքրքրված են, թե գագաթնաժողովի մասնակիցներն ինչ կարծիք կունենան այս կամ այն խնդրի վերաբերյալ»:

Հանդիպմանն անդրադարձ է եղել այս տարվա գագաթնաժողովի հիմնական թեմաներին, որոնք վերաբերելու են հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող աշխարհաքաղաքականությանը, ինչպես նաև տեխնոլոգիական զարգացման խնդիրներին:

«Երբ մտածում եմ Հայաստանի մասին, ուզում եմ մտածել ապագայի մասին՝ ինչպես վերակառուցել երկիրը, սովորել սեփական սխալների ու կայացրած ճիշտ որոշումների վրա, կառուցել նոր Հայաստան, որը կապված կլինի նոր տեխնոլոգիաների ու գաղափարների հետ,- իր խոսքում ասել է նախագահ Սարգսյանը: -Հայաստանի ունեցած ամենակարևոր ռեսուրսը մարդն է: Ես նրանցից մեկն եմ, ովքեր հավատում են, որ մարդկային ռեսուրսները շատ ավելի հարուստ, կարևոր ու հզոր բնական պաշարներ են, քան մյուս բաները: Կարծում եմ՝ այն երկրները, որոնք ուրիշ բնական ռեսուրսներով են հարուստ, այլ ճանապարհ չունեն, քան դրանց միջոցով մարդկային ռեսուրսը զարգացնելը, քանի որ դա է ապագան, դա է 21-րդ դարը:

«Մտքերի գագաթնաժողովը» Հայաստանում պետք է շարունակվի, պետք է ուսումնասիրի հատուկ տեխնոլոգիաների՝ արհեստական բանականության, բիոտեխնոլոգիաների ապագան, հասկանա, թե ինչով է 2021-ը տարբերվում 2019-ից»:

Գագաթնաժողովի համակազմակերպիչ և «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն գոհունակություն է հայտնել «Մտքերի գագաթնաժողով»-ը Հայաստանում հյուրընկալելու համար: «Առաջին «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը, որն անցկացվեց 2019-ին Դիլիջանում, մեծ հաջողություններ է գրանցել, երկրորդը 2020 թվականին հեռավար էր՝ երկու բացասական ցնցումների՝ կորոնավիրուսի և պատերազմի պատճառով: Անկասկած, երրորդն ունենալու է բացառիկ հաջողություններ: «Մտքերի գագաթնաժողովը» համախմբում է մեծ մտածողների, հիանալի մասնակիցների, հայտնի ներդրողների՝ մտածելու վաղվա աշխարհի և այն ավելի լավը դարձնելու մասին,- ասել է Թիերի Մալըրեն: -Կարևոր է, որ մենք կարող ենք կենտրոնանալ աշխարհաքաղաքականության և արհեստական բանականության վրա, և թե ինչպես կարող են դրանք նպաստել մեր երկրների տնտեսություններն ավելի կայուն և առաջադեմ դարձնելուն»:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշել է, որ Կենտրոնական բանկի՝ Դիլիջանում գտնվող ուսումնահետազոտական կենտրոնն այս անգամ ևս պատրաստ է հյուրընկալել գագաթնաժողովի մասնակիցներին: «Երկու տարի առաջ Հայաստանում տրվեց «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մեկնարկը: Այն մեկ հարկի տակ էր համախմբել հիանալի մարդկանց՝ մտածելու ապագայի մասին: Մենք միավորել էինք մեր ստեղծագործական միտքն ու եռանդը՝ երկու կարևոր հարցի պատասխանելու համար՝ ինչպիսի՞ն է լինելու ապագան, և ի՞նչ մենք կարող ենք անել դրա համար: Վերջին երկու տարիները ցույց տվեցին, որ սրանք ճիշտ հարցեր էին, որոնց պետք էր պատասխանել,-ասել է Մարտին Գալստյանը: -Աշխարհը կարող է անկանխատեսելիորեն և շատ արագ փոփոխվել: Սա հանգեցնում է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի՝ այս տարվա թեմաներին՝ տարածաշրջանային աշխարհաքաղաքականությանը և տեխնոլոգիաների զարգացմանը 21-րդ դարում»:

«Մտքերի գագաթնաժողով»-ին մասնակցում են անվանի ու ազդեցիկ շուրջ 300 քաղաքական գործիչներ, գիտնականներ, գործարար-ներդրողներ, խոշորագույն ընկերությունների և լրատվամիջոցների ղեկավարներ ողջ աշխարհից: Միջոցառման հիմնական նպատակն է համաշխարհային հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցերի վերաբերյալ նոր գաղափարների ներկայացումը, անմիջական քննարկումների միջոցով փոխվստահելի գործընկերային կապերի հաստատումը:

Հայաստանում նման միջոցառման անցկացումը, գործարար, գիտական ու քաղաքական բնագավառները ներկայացնող ազդեցիկ անհատների և առաջնորդների այցը կնպաստեն մեր երկրի միջազգային վարկանիշի բարձրացմանը: Գագաթնաժողովը բացառիկ հնարավորություն է Հայաստանի ներուժի ներկայացման, համագործակցության նոր ուղղությունների զարգացման, գործարար կապերի հաստատման տեսանկյունից:

Տպել
Ամենաշատ