News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2021թ. հունիսի 22-ին, Մատենադարանում Հայաստանի ֆրանսերենի ուսուցիչների համաժողովի ավարտին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտը Արժանիքի ազգային շքանշան հանձնեց Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի տնօրեն և Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի նախագահ տիկին Սյուզան Ղարամյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից:

«Տիկին Ղարամյան, ֆրանսերենի խթանմանն ուղղված ձեր գործողության միջոցով Դուք զգալի ներդրում եք ունեցել Ֆրանսիայի, Հայաստանում նրա մշակույթի և լեզվի տարածման գործում »,- ասաց դեսպանը նշելով, որ տիկին Ղարամյանը վճռական ազդակ էր հաղորդել ֆրանսերենի վերածննդին՝ 2001 թվականի հունվարին հիմնելով Ֆրանսերենի ուսուցիչների հայկական ասոցիացիան, որի քսանամյակը նշում ենք այս տարի:

«Որպես այդ ասոցիացիայի նախագահ` Ձեզ հաջողվել է ստեղծել Հայաստանի կրթության նախարարության կողմից հաստատված երկարաժամկետ շարունակական կրթության համակարգ: Ամենամյա ավանդական վերապատրաստման սեմինարը, որն արդեն 18-րդ տարին է, ինչ անցակցվում է Հայաստանում, մանկավարժական հմտությունների փոխանցման եզակի պահ է, որն ամեն տարի սպասում են ֆրանսերենի բոլոր ուսուցիչները: »,- նշեց դեսպանը:

Ժոնաթան Լաքոտը հիշեցրեց տիկին Ղարամյանի հիմնարար ներդրումը Հայաստանում ֆրանսերենի առաջխաղացման գործում 2003 թ. ապրիլի 2-ին Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի ստեղծման և զարգացման միջոցով: Հայաստանի Ալիանս Ֆրանսեզը միակ Ալիանսն է Կովկասում և այն նաև ֆրանսերենի իմացության ֆրանսիական դիպլոմներ շնորհող (DELF, DALF, TCF) միակ ազգային քննական կենտրոնն է:

«Ձեր դերը Հայաստանում ֆրանսերենի առաջխաղացման գործում հատկապես կարևորվեց 2018 թ. Հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի XVII գագաթնաժողովում, որը համընկավ Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի տասնհինգերորդ տարեդարձի հետ», - հիշեցրեց դեսպանը:

Դեսպանը նշեց, որ այս շքանշանը ստանալով, տիկին Սյուզան Ղարամյանը միանաում 185,000 կանանց և տղամարդկանց մի համայնքի, որոնք պարգևատրվել են ամենատարբեր ոլորտներում իրենց նշանակալի ծառայությունների համար: Արժանիքի ազգային շքանշանը գեներալ Դը Գոլի կողմից հիմնադրված ազգային շքանշան է, որով պարգևատրվում են բոլոր բնագավառներից մարդիկ՝ իրենց գործունեության և Ֆրանսիայի արժևորման գործի մեջ իրենց ներդրման համար:

«Սիրելի տիկին Ղարամյան, Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի անունից և ինձ վերապահված լիազորություններով կարգում եմ Ձեզ Արժանիքի ազգային ասպետ», - ասաց դեսպանը:

Շնորհակալություն հայտնելով դեսպանին՝ տիկին Ղարամյանը նշեց, որ հպարտ է, որ իր ամբողջ կյանքը նվիրել է Ֆրանսիան, նրա գեղեցիկ լեզուն և մշակույթը խթանելու գործին: «Այս բարձր պարգևն ինձ սատարում է իմ ընտրած ուղին շարունակելու և էլ ավելի քաջություն տալիս՝ գալիք ճանապարհի համար:», - նշեց Սյուզան Ղարամյանը:

Տպել
Ամենաշատ