News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Գյումրիի «Ավտոկայան» թաղամասում լքված նորածինը երեկ՝ հուլիսի 15-ին, հիվանդանոց դուրս է գրվել և հանձնվել է խնամակալ ընտանիքի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Գյումրիի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը։

«Հաջորդ քայլն արդեն որդեգրում է։ Եթե ընտանիքը ցանկություն ունենա կարող է երեխային որդեգրել կամ էլ կարող է ամբողջ կյանքում որպես խնամակալ մնալ»,- նշեց նա։

Էդվարդ Բաղրամյանի խոսքով՝ պաշտոնապես համայնքապետարանին երեխայի խնամակալության համար երկու ընտանիք է դիմել, սակայն մինչև երեկ էլ երեխայի ճակատագրով հետաքրքրվող շատ մարդիկ են զանգահարել։

«Երեխային խնամակալ ընտանիքին հանձնելիս հանձնաժողովը մանրակրկիտ ուսումնասիրություններ է կատարել և հաշվի է առել ընտանիք սոցիալական վիճակը, ծնողների կարգավիճակը, նրանց շփումը երեխայի հետ և շատ այհլ հանգամանքներ։ Սա էր պատճառը, որ գործընթացը ձգձգվում էր»,- ասաց Էդվարդ Բաղրամյանը։

Հարցին, թե ինչ կլինի եթե երեխայի մայրը գտնվի, Բաղրամյանն ընդգծեց, որ այս պահին հնարավոր չէ կանխատեսումներ անել, քանի որ ամեն ինչ կախված հարուցված քրեական գործի ընթացքից։

«Կապված է մոր պատժելիության հարցից։ Նա կարող է մայրը հրաժարվել երեխայի խնամքից կամ հակառակը՝ ցանկություն հայտնի նրան վերադարձնելու»,- նշեց Էդվարդ Բաղրամյանը։

Էդվարդ Բաղրամյանը հավելեց, որ երեխան արդեն անուն ունի, սակայն հանձնաժողովն այս պահին ցանկանում է պահպանել գաղտնիությունը։

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ի առավոտյան Գյումրիի Շահումյան փողոցում՝ ավտոկայանի մերձակայքում, հայտնաբերվել էր տղա նորածին։

Նորածին լքելու փաստով հարուցված է քրեական գործ քրեական օրենսգրքի 34-106 հոդվածի հատկանիշներով՝ մոր կողմից նորածին երեխայի սպանությունը, որը ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով։

Տպել
Ամենաշատ