News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

2020 թվականին շատ ոլորտներում բիզնեսն իր գործունեությունը կամ դադարեցրեց, կամ սառեցրեց, կամ փոխեց գործունեությունը, որպեսզի մի կերպ կարողանա իր աշխատատեղերը պահել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Իհարկե, պետական միջոցառումների ծրագրերը որոշակի դրական ազդեցություն ունեցան, բայց ոչ այնքան, որովհետեւ շատ փոքր թվով ընկերություններ օգտվեցին այդ վարկերից:

2021 թվականից կա աշխուժացում բիզնեսի մեջ, կարծում եմ՝ հաջորդ եռամսյակներում ավելի ակտիվ ցուցանիշներ կտեսնենք, բայց այս տարվա առաջին կիսամյակը եթե նայենք, բազմաթիվ ընկերություններ ունեն թափուր տեղեր եւ չեն կարողանում լրացնել:

Առաջին կարեւոր ոլորտը, որ շատ ակտիվ սկսեց Հայաստանում գործել, շինարարությունն է, այդ թվում մարզերում: Այսօր Հայաստանում բազմաթիվ շենքեր են կառուցվում:

Երկրորդ ուղղությունը մետաղամշակման եւ մետաղական իրերի արտադրություններն են. հենց այդ ոլորտում մենք ունենք մարդիկ, որոնք ունեն վականսիաներ ու չեն կարողանում դրանք լրացնել: Տեղերը կան, բայց մարդիկ չեն գնում աշխատելու, օրինակ, մեխանիկ, եռակցող, փականագործներ: Մեր միության անդամներից մեկն, օրինակ, գործիքաշինական գործարանում ունի 50 տեղ եւ դժվարությամբ է լրացնում: Մայիսից պահածոյի գործարանները սկսեցին իրենց հնարավորությունները վերականգնել: Այսինքն կարող ենք ասել, որ տնտեսությունն սկսում է ակտիվանա, մի ճյուղը մյուսին ակտիվացնում, զարգացնում է:

Մենք ակտիվացում ենք տեսնում նաեւ հյուրանոցային եւ սննդի ոլորտներում: Ես գիտեմ ընկերություններ, որոնք մեքենաներ են վարձով տալիս տուրիստներին ու անգամ չեն հասցնում դա անել: Շատ տուրիստներ սիրում են իրենց վարձակալած մեքենաներով շրջել, ոչ թե գիդերով կամ ավտոբուսներով»,-հայտարարեց Մակարյանը:

Նա ընդգծեց, որ բացի դրանից Հայաստանում առկա մեկ այլ խնդիր. «Դա այն է, որ բազմաթիվ մասնագիտություններով երիտասարդները չեն կրթվում: Մենք այսօր քոլեջներում լիքը մասնագիտություններ ունենք, նաեւ տեխնիկական բուհերում, որտեղ այդ խմբերը չեն ձեւավորվում, ուսանողներ չեն առաջանում, որովհետեւ չեն սիրում այդ ուղղությամբ գնալ: Օրինակ, եռակցողների լուրջ դեֆիցիտ կա Հայաստանում, որը տարեցտարի սրվում է: Նույնկերպ լուրջ դեֆիցիտ կա շինարարական ոլորտի մասնագետների, օրինակ, պատշարներ, ամրան կապողներ, երեսապատողներ, գաջ քսողներ: Կարիք ունենք հավաքման արտադրամասերում փականագործների, խառատներ, արդյունաբերական էլեկտրիկների եւ այլն: Նույն խնդիրը կա նաեւ տեխնիկական բուհերում, որի հետեւանքով ինժեներական պոտենցիալը գնալով նվազում է Հայաստանում: Արդյունաբերությունը զարգացնելու համար պետք են արդյունաբերական ոլորտի մասնագետներ:

Այսօր շինարարական ոլորտում ձեռքից ձեռք են խլում բրիգադներին, որոնք կարող են արտաքին երեսապատում անել կամ գաջ քսեն, կամ էլեկտրականություն անցկացնեն: Մասնագետների մի մասն էլ գնացել է երկրից»,-ընդգծեց Գագիկ Մակարյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ