News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին վերաքննիչ քրեական դատարանի շենքից համակարգիչների առգրավման հարցով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Փաստաբանների պալատից:

Գրության մեջ նշվել է հետևյալը.

«Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Վերաքննիչ քրեական դատարանի շենքից  առգրավել են համակարգիչներ։

Փաստաբանների ահազանգներից պարզ է դառնում, որ Վերաքննիչ քրեական դատարանում գործերի բաշխումը չի կատարվում հատուկ համակարգչային ծրագրի միջոցով:

Հատուկ համակարգչային ծրագրի միջոցով գործերի բաշխման հիմքում դրված պատահական ընտրության սկզբունքը երաշխավորում է դատավորների անկախությունը, ինչպես նաև դատավարության կողմերի՝ արդար դատաքննության իրավունքը:»

ՀՀ դատական օրենսգրքի 41-րդ հոդվածի կանոնակարգումները հաշվի առնելով ՀՀ փաստաբանների պալատի նախագահը խնդրել է գրավոր հայտնել՝

«1. ի՞նչ հիմքերով են առգրավվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի համակարգիչները.

2. արդյո՞ք այդ առգրավման փաստը գնահատվել է, որպես անհաղթահարելի ուժի ազդեցություն, և արդյո՞ք ստացվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի՝ ՀՀ դատական օրենսգրքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված տեղեկացումը.

3. ՀՀ դատական օրենսգրքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով Բարձրագույն դատական խորհուրդը քննարկե՞լ է արդյոք պատճառները և դրանց վերացման ուղղությամբ կատարման համար ի՞նչ պարտադիր ցուցումներ է տվել դատական դեպարտամենտին.

4. արդյո՞ք հնարավոր չէ նոր համակարգչում ներբեռնել գործերի բաշխման համակարգչային ծրագիր և ի՞նչ ժամկետում եք նախատեսում վերականգնել հատուկ համակարգչային ծրագրի միջոցով գործերի բաշխման բնականոն աշխատանքը:»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ