News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի իշխանությունները դեմ չեն Քաբուլի միջազգային օդանավակայանի պաշտպանությանը Թուրքիայի կողմից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Աֆղանստանի նախագահի ավագ խորհրդական Կալյամուդդին Շինվարին:

Նրա խոսքով՝ Անկարան դա առաջարկել է Վաշինգտոնին, որպեսզի «որոշ արտոնություններ ստանա ԱՄՆ-ից»: «Սակայն աֆղանական կողմի համաձայնությունն այս հարցում պայմաններից մեկն է: Այս հարցում Աֆղանստանի կառավարությունը խնդիրներ չունի Թուրքիայի հետ»,- ասել է Շինվարին:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Անկարան առաջարկել է Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովել ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո՝ իր կողմից առաջադրված մի շարք պայմանների կատարման դեպքում: Ավելի ուշ նա հայտնեց, որ վերջնական որոշումը դեռ կայացված չէ, բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի հետ: Միեւնույն ժամանակ, կառավարության անվտանգության եւ պաշտպանության ուժերի ներկայացուցիչ գեներալ Աջմալ Շինվարին հայտարարել է, որ աֆղանական ուժերը պատասխանատու կլինեն Քաբուլի օդանավակայանի համար Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերումից հետո, իսկ օտարերկրացիները կզբաղվեն միայն տեխնիկական աշխատանքներով:

«Թալիբան» շարժումը հայտարարել է, որ դեմ է Աֆղանստանի տարածքում թուրքական զորքերի տեղակայմանը, քանի որ խախտում է երկրի ինքնիշխանությունը: Թալիբները հայտարարել են, որ Անկարայի նման որոշումը խնդիրներ կառաջացնի Թուրքիայի եւ Աֆղանստանի ժողովուրդների միջեւ եւ զգուշացրել են, որ եթե թուրք զինվորականները մնան Աֆղանստանում, նրանք կդիմադրեն, եւ հետեւանքները կլինեն «ներքին գործերին միջամտողների համար»:

Աֆղանստանում առճակատում է տեղի ունենում կառավարական ուժերի եւ «Թալիբան» շարժման զինյալների միջեւ, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական վայրերում եւ հարձակում սկսել մեծ քաղաքների դեմ: Աֆղանստանում անկայունությունն աճում է ԱՄՆ վարչակազմի՝ Աֆղանստանի տարածքից մինչեւ սեպտեմբերի 11-ը զորքերի դուրսբերումն ավարտելու խոստումների ֆոնին: 2020 թվականին Վաշինգտոնը եւ «Թալիբան»-ի պաշտոնյաները Դոհայում ստորագրեցին առաջին խաղաղության համաձայնագիրն ավելի քան 18 տարվա պատերազմի ընթացքում: Այն 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում եւ միջաֆղանական երկխոսության սկիզբ է նախատեսում գերիների փոխանակումից հետո:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ