News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 25
Տեսնել լրահոսը

«Երևանի «Վարդանանց ասպետներ» հ.106 հիմնական դպրոցում» հանդիսավորությամբ մեկնարկեց «Աշխարհն առանց թափոնների» ծրագիրը: Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի, «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման» նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ի միջև  2021 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում։

Ծրագիրն ուղղված է բարելավել թափոնների կառավարման համակարգերը Հայաստանում՝ աջակցելով տեղական նախաձեռնություններին, որոնք կենտրոնանում են թափոնների հավաքագրման և վերամշակման մշակույթի ձևավորման և գործնական աշխատանքների իրականացման վրա: Դպրոցականների մոտ կրթական ծրագրերի միջոցով թափոնների տեսակավորման մշակույթի ձևավորումը կարևոր նշանակություն ունի բնակչության վարքագծի վրա ազդեցության և թափոնների կառավարման համակարգի արդյունավետ գործունեության, ինչպես նաև Երևան համայնքի համար։

«Սկիզբ ենք դնում մի ծրագրի, որի գլխավոր նպատակը աշակերտներին և նրանց միջոցով նաև տասնյակ ընտանիքներին թափոնների տեսակավորման  գիտելիքների ուսուցանումն է: Այս նախագիծը վստահ եմ յուրօրինակ մշակույթի հիմք կդառնա: Թափոնների տեսակավորումը կարևորվում է ոչ միայն Երևան քաղաքի, այլ ողջ հանրապետության համար, քանի որ այդպիսով կանխվում ենք շրջակա միջավայրի աղտոտումը»,-նշեց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը:

«Ծրագրի շրջանակում Երևանի 50 դպրոցներում արդեն իսկ տեղադրել ենք ավելի քան 200 նոր տեսակավորման ամաններ՝ թղթե և պլաստիկ թափոնների տեսակավորման համար։ Մշակվել է 6-րդ դասարանցիների համար բնապահպանական աշխատանքային ձեռնարկ։ Ծրագրի շրջանակում նախատեսում ենք իրականացնել բնապահպանական դասընթացներ վերոնշյալ 50 դպրոցներում, ինչպես նաև թափոնների կայուն կառավարմանն վերաբերյալ ուսուցիչների և աշակերտների շրջանակում  իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ»,- նշեց ծրագրի գործընկեր, «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության համահիմնադիր-նախագահ Մխիթար Ավետիսյանը:   

««Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունը կարևորում է թափոնների կառավարումը շրջանաձև տնտեսության շրջանակում, ինչն էլ Ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության հենասյուներից մեկն է, և իրականացնում է ծրագրեր ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում։ Իր բիզնես գործունեությանը զուգահեռ,  Ընկերությունը, արդյունաբերական ոլորտի մյուս ներկայացուցիչների հետ համատեղ, ցանկանում է ստեղծել այնպիսի համակարգ, որում յուրաքանչյուր շիշ կարող էվերամշակվել մի քանի անգամ։ Ուստի, մենք մեր պարտքն ենք համարում այս կարևոր ծրագրի շրջանակում բարձրացնել մեր հասարակության իրազեկվածությունը և նպաստել թափոնների կայուն կառավարման մշակույթի ձևավորմանը, ինչն էլ  սկսում ենք հենց դպրոցից»,- նշեց «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության Հասարակական կապերի և հաղորդակցության տնօրեն Էլինա Մարկարյանը։ ։

«Երևանի «Վարդանանց ասպետներ» հ.106 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարինե Վարդանյանը նշեց, որ դպրոցը թափոնների տեսակավորմամբ զբաղվում է արդեն երկար տարիներ. «Շուրջ 10 տարի է մենք  աշխատակազմի և աշակերտների օգնությամբ հավաքում ենք թղթի թափոններ և, վաճառելով, գումարն օգտագործում  դպրոցի  կարիքների  համար: Տասը տարվա  ընթացքում մոտավորապես 10 տոննա թղթի  թափոնի  վաճառքի շնորհիվ վերանորոգվել  են  դասասենյակներ,  փոխվել  են  դռներ  և  պատուհաններ: Բացի այդ դպրոցում երկրորդ կյանք ենք ստանում նաև հնամաշ իրերն ու առարկաները»։

Տպել
Ամենաշատ