News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 25
Տեսնել լրահոսը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը երրի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել՝ Կոսովոյում եւ Մետոհիայում իրավիճակի սրման պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Večernje novosti-ն:

Ըստ թերթի՝ նիստը տեղի կունենա երեքշաբթի՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 10:00-ին: Հաղորդվում է, որ Անվտանգության խորհրդի նիստի թեման կդառնա իրավիճակի սրումը Սերբիայի ինքնավար շրջանում եւ Բրյուսելի պայմանավորվածությունների չկատարումը Պրիշտինայի կողմից:

Երկուշաբթի ավելի վաղ Կոսովոյի ոստիկանության հատուկ ջոկատայինները գրավել էին Յարինե եւ Բրնյակ անցումները Կենտրոնական Սերբիայի հետ վարչական գծում, որտեղ կենտրոնացված էր մոտ 20 հատուկ ավտոմեքենա, այդ թվում՝ 10 զրահապատ ավտոմեքենա: Միեւնույն ժամանակ, սերբերը, վրդովված կոսովցիների գործողություններից, ավելի քան 400 տրանսպորտային միջոցներով շարժվել են դեպի անցումներ: Ներկայումս մոտ 300 տրանսպորտային միջոց արգելափակել են Յարինեի անցումը, իսկ ավելի քան 100 ավտոմեքենա՝ Բրնյակի անցումը:

Կոսովոյի ոստիկանությունը պնդում է, որ վարչական գծի հատման կետեր հատուկ ջոկատայինների տեղափոխման նպատակը ենթակառուցվածքների արդիականացումն է եւ ոստիկանության աշխատանքային պայմանների բարելավումը: Մյուս կողմից, Սերբիայի կառավարությանն առընթեր Կոսովոյի եւ Մետոհիայի գրասենյակի ղեկավար Պետար Պետկովիչը երկուշաբթի ասել է, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ինքնահռչակ կազմավորման վարչապետ Ալբին Կուրտին եւ Պրիշտինայի իշխանությունները մտադիր էին երեքշաբթի օրվանից սկսել վարչական անցումներում սերբական պետհամարանիշների բռնի հեռացումը եւ փոխարինել դրանք կոսովյաններով:

Սերբիայի Կոսովո եւ Մետոհիա ինքնավար մարզը միակողմանիորեն անկախություն հռչակեց 2008 թվականի փետրվարին, իսկ վերջին շրջանում ակտիվորեն փորձում էր միանալ միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ՅՈւSՆԵՍԿՕ-ին եւ Ինտերպոլին: Կոսովոյի ճանաչմանը դեմ է ավելի քան 60 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Հնդկաստանը եւ Չինաստանը, ինչպես նաեւ՝ Եվրամիության հինգ անդամ պետություններ:

.

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ