News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Շատ կարճ ժամանակ հետո դուք քննիչ հանձնաժողովը տեսնելու եք, որովհետեւ քննիչ հանձնաժողովի հետ կապված տարբեր պատկերացումներ կան: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ է ձեւավորվելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը:

«Նրա լեգիտիմության հետ կապված էլի տարբեր օպատկերացումներ կան, որովհետեւ շատ-շատերը կուզենան քննիչ հանձնաժողովում տեսնել քաղաքական մի բոլոլայի միջավայր, իսկ գոնե մեր ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովն այնպիսի աշխատանք։ կազմակերպեց, որտեղ որեւէ քաղաքական քննարկում տեղի չունեցավ: Եվ այդ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել են նախկին իշխանություններից բոլորը, կարելի է ասել: Միայն չմասնակցեց Յուրի Խաչատուրովը»,-ասաց նա:

Քոչարյանը հավաստիացրեց, որ այդ հանձնաժողովին կհրավիրվեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը. «Նիկոլ Փաշինյանն ինքն է հայտարարել իր պատրաստակամությունը: Բոլոր պաշտոնյաներն իրենք են առաջարկել, որովհետեւ հարցեր կան, որտեղ մենք անպայման պետք է գնանք մի քիչ հետ, որպեսզի հասկանանք՝ էս պարտությունը որտեղի՞ց եկավ: Պարտությունը լինում է, երբ վատ ես կառավարում, վատ ես սպառազինված, չես հասցրել պատրաստել բանակը այն մարտական գործողություններին, որին պատրաստվել է հակառակորդը: Մենք այդ հակաքայլերն ինչի՞ չէինք անում: Մեր առաջնագծի կահավորումն ինչո՞ւ էր այդ վիճակին: Երբ հարցեր ենք տալիս, պաշտպանության նախկին նախարարը շիշը նետում է դեպի ամբիոն: Պարոն Օհանյանը դատապարտված է մի անգամ էլ գա այստեղ, որովհետեւ ինքը 7 տարի եղել է ՊԲ հրամանատար, 8 տարի եղել է ՀՀ պաշտպանության նախարար: Այդտեղ հարցերը ուզենք, թե չուզենք, առնչվելու են թե գնումներին, թե կոռուպցիային բանակում: Հիմա ասում են՝ կոռուպցիան թաքնվել է, դրա համար կառավարելիության աստիճանը անկում է ապրում: Ոչ, կոռուպցիան հիմա չկա, որովհետեւ կոռուպցիայի միջոցով էին այդ մեքենան աշխատեցնում: Կառավարելիության մակարդակը պետք է բարձրացնենք ինտելեկտի եւ հովանավորչությունը մերժելու ճանապարհով»,-հայտարարեց Քոչարյանը:

Հարցին՝ հիմա պետք է պատրաստվել պատերազմի՞, թե խաղաղության, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Խաղաղության պատրաստվելու համար պետք է անվտանգության բոլոր մարմինները պատրաստ լինեն պատշաճ մակարդակի բերելով: Դա պետք է համահունչ լինի այն պահանջներին, որոնք կարձանագրվեն մեր պաշտպանական դոկտրինին, որը նորովի պետք է ընդունվի, որտեղ պետք է արձանագրվեն մեր պաշտպանական դոկտրինի բոլոր էլեմենտները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ