
Այսօր Հայաստանում շատ տագնապալի իրավիճակ է ստեղծվել: Կան բազմաթիվ խախտումներ, որոնք ակնհայտորեն առնչվում են Սահմանադրությանը: Այս մասին սեպտեմբերի 25 -ին Ազգային ժողովում ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած քննարկումներից հետո հայտարարեց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
Ըստ նախկին նախարարի՝ իրավաբաններն ու փաստաբաններն իրենց ամենօրյա գործունեության ընթացքում բավականին հաճախ սկսել են խախտումների այս կամ այն լուրջ դրսեւորումների բախվել:
Նա ընդգծեց, որ քաղաքացիների իրավունքների սահմանափակման, ինչպես նաեւ իրավական այլ հարցերի հետ կապված տարբեր դրսեւորումներն այնքան բազմազան են, որ անհրաժեշտ է բյուրեղացնել առկա առաջնահերթությունները եւ միավորել ներկա իրավիճակով մտահոգ փաստաբանների ջանքերը:
«Դա մեզ պետք է օգնի վերականգնել սահմանադրական կարգը»,- համոզված է Հարությունյանը: