News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ մտադիր չէ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել Թուրքիայի հետ եւ հույս ունի երկխոսության միջոցով լուծել տարաձայնությունները հարեւան երկրի հետ, սակայն Հունաստանը պետք է պաշտպանի իր տարածքն ու ինքնիշխանությունը, տեղեկացնում է AP-ը:

Ավելի վաղ Հունաստանը մոտ 3 միլիարդ եվրո արժողությամբ պաշտպանական համաձայնագիր էր ստորագրել Ֆրանսիայի հետ, ներառյալ հունական նավատորմի համար երեք ֆրանսիական ֆրեգատի գնումը:

«Մենք չենք կարող անտեսել այն փաստը, որ ապրում ենք շատ դժվար տարածաշրջանում: Սա աշխարհագրական իրողություն է, որը մենք չենք կարող անտեսել»,- ասել է Կիրիակոս Միցոտակիսը Աթենքում Ժողովրդավարության ֆորումի ժամանակ:

«Ես մտադիր չեմ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել Թուրքիայի հետ, եւ միշտ բարեկամության ձեռք եմ մեկնում Թուրքիային: Մենք շատ տարաձայնություններ ունենք բազմաթիվ հարցերի շուրջ, բայց պետք է երկխոսության միջոցով այդ տարաձայնությունները լուծելու տարբերակ լինի»,- ասել է վարչապետը: «Միեւնույն ժամանակ, մենք կպաշտպանենք մեր տարածքը, մեր տարածքային ամբողջականությունը, մեր ինքնիշխանությունը, մեր ինքնիշխան իրավունքները, եւ դրա համար մեզ ուժեղ զսպում է պետք»:

Ֆրանսիայի հետ Հունաստանի ստորագրած համաձայնագիրը ներառում է երրորդ երկրի հարձակման դեպքում փոխօգնության մասին համաձայնագիր:

Այս կետում «ըստ էության ասվում է, որ եթե երկրներից որեւէ մեկը հարձակման ենթարկվի, եթե նրա տարածքը կասկածի տակ դրվի, նրա ինքնիշխանությունը վիճարկվի, ապա մյուս կողմը պարտավոր է օգնել նրան»,- ասել է Միցոտակիսը: «Եւ սա ռազմավարական գործընկերություն է, որը, իմ կարծիքով, դուրս է գալիս փոխօգնության մասին դրույթների շրջանակներից, որոնք այժմ ներառված են եվրոպական պայմանագրերում»:

Նրա խոսքով, գործարքը չի մրցակցում ո՛չ ՆԱՏՕ-ի, ո՛չ էլ այլ դաշինքների հետ:

«Մենք ռազմավարական գործընկերություն ունենք Միացյալ Նահանգների հետ, որը թափ է հավաքում: Մենք պատրաստվում ենք ԱՄՆ-ի հետ ստորագրել նոր հնգամյա փոխադարձ պաշտպանության եւ համագործակցության պայմանագիր»,- ասել է նա՝ հավելելով, որ «Հունաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի անդամ են: «Այնպես որ, իրական մրցակցություն այստեղ չկա: Մենք խոսում ենք լրացուցիչ նախաձեռնությունների մասին»:

Հունաստանն արդեն գնել է 18 ֆրանսիական Rafale կործանիչ եւ մտադիր է եւս 6-ը գնել՝ իր զինված ուժերի արդիականացման ծրագրի շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ