ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է «Ներդրումային միջավայրի մասին» 2021 թվականի զեկույցը , որտեղ վերլուծել է ամերիկյան ընկերությունների համար գործող կամ պոտենցիալ շուկաներ հանդիսացող 170 երկրի տնտեսության ներդրումային միջավայրը: Երկրների շարքում է նաև Հայաստանը։
Զեկույցում Հայաստանի վերաբերյալ արվել են հետևյալ հիմնական շեշտադրումները․
- Վերջին մի քանի տարիներին բիզնես միջավայրը և ներդրումային մթնոլորտը գնահատող միջազգային ցուցիչներով Հայաստանը լավ արդյունքներ է գրանցել։
- Հայաստանը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում ներդրողներին, և երկրի իրավական բազան ու պետական քաղաքականությունն ուղղված են ներդրումների ներգրավմանը։
- Հայաստանում քիչ են սահմանափակումները օտարերկրյա վերահսկողության և մասնավոր սեփականության իրավունքի ու կազմակերպությունների համար։
- Օտարերկրյա քաղաքացիների՝ Հայաստանում գործարար շահեր ձեռք բերելու, ստեղծելու կամ տնօրինելու իրավունքի որևէ սահմանափակում չկա։
- Բիզնեսի գրանցման ընթացակարգերը պարզ են։
- Հայաստանը չի սահմանափակում դրամի փոխարկումն ու փոխանցումը կամ կապիտալի ու եկամուտների «հայրենադարձումը»։
- Հայաստանում բանկային համակարգը կայուն է և լավ կարգավորված։
- Հակակոռուպցիոն արշավը շարունակվում է համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու ջանքերի շրջանակում։
- Ընդհանուր առմամբ, Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է։
- Զեկույցում նաև նշվում է, որ, չնայած որոշ ոլորտներում բարելավումներին, որոնք բարձրացնում են Հայաստանի գրավչությունը որպես ներդրումային ուղղություն՝ ներդրողները պնդում են, որ պահպանվում են մի շարք խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել՝ թափանցիկ, արդար և կանխատեսելի գործարար միջավայրի ապահովման համար: Այդ խնդիրներից են՝ Հայաստանի շուկայի փոքր լինելը, սպառողների ցածր գնողունակությունը, դատական համակարգի թերությունները, ինչպես նաև ժառանգություն մնացած կոռուպցիան: Ըստ զեկույցի՝ 2020թ․ COVID-19-ը և ինտենսիվ մարտական գործողություններն ազդել են Հայաստանի տնտեսական աճի և ներդրումային միջավայրի վրա: Նաև կա Հայաստանի ֆինանսական հատվածի զարգացման անհրաժեշտություն։
- ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ընդգծում է, որ Հայաստանի օրենսդրությունն ապահովում է մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը, սակայն դրա կատարման ապահովմանն ուղղված ջանքերը և դատարան դիմելու գործընթացը կարիք ունեն բարելավման։
Ըստ զեկույցի՝ ձեռքբերումներն ամրապնդելու համար ավելի լայն բարեփոխումներ են պահանջվելու դատական, հարկային, մաքսային, առողջապահական, կրթական, զինվորական և իրավապահ հաստատություններում:
Արամ Աճեմյան