News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Բանտում հացադուլ հայտարարած Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանները նշում են, որ նրան վերակենդանացողի օգնություն է անհրաժեշտ, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Փաստաբան Դմիտրի Սաձագլիշվիլին լրագրողներին ասել է, որ նախկին նախագահի անալիզների կենսական ցուցանիշներից մեկն ընկել է կրիտիկական մակարդակի։

«Անցած գիշեր Միխայիլ Սահակաշվիլիի անալիզների կենսական ցուցիչներից մեկն ընկավ կրիտիկական մակարդակի, եւ անհրաժեշտ դարձավ ռեանիմատոլոգների միջամտությունը, ինչից հետո այդ ցուցանիշները կայունացան։ Սա հաստատում է այն, ինչ խորհուրդն ասել էր իր առաջարկության եւ եզրակացության մեջ, որ երրորդ նախագահն այժմ մտնում է հացադուլի փուլ, երբ ցանկացած պահի առողջության կտրուկ վատթարացում է սպասվում Ըստ այդմ, օրակարգում կլինի անհապաղ բուժօգնության հարցը»,- ասել է Սաձագլիշվիլին։

Միխեիլ Սաակաշվիլին 25-րդ օրն է, ինչ հացադուլ է անում Ռուսթավիի բանտում։ Արդարադատության նախարարությունը, որը ենթակա է քրեակատարողական ծառայությանը, համաձայն է նախկին նախագահին հոսպիտալացնել Թբիլիսիի Գլդանի թիվ 18 բանտի հիվանդանոց: Իշխանությունները պնդում են, որ բանտային հիվանդանոցը հարմար է հացադուլի մեջ գտնվող բանտարկյալների համար։ Մինչդեռ անձամբ Սաակաշվիլին, նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն եւ իրավաբանները ասում են, որ նա պետք է տեղափոխվի բազմապրոֆիլային քաղաքացիական կլինիկա:

Այսօր փաստաբանը կրկնեց, որ բանտի հիվանդանոցը Սաակաշվիլիի բուժման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ չունի:

«Խորհուրդն իր եզրակացության մեջ նշել է, որ Միխայիլ Սահակաշվիլիի բուժումը պետք է շարունակվի բազմապրոֆիլային ​​կլինիկայում, որտեղ կա մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա եւ դուպլեքսային սկանավորում անցկացնելու հնարավորություն։

Դրանից հետո մենք տեսանք հանրային պաշտպանի գնահատականը, որի ներկայացուցիչները ստուգեցին 18-րդ հիմնարկում եւ եզրակացություն արեցին, որը արդարադատության նախարարությունը չի հերքում, որ 18-րդ հիմնարկում հնարավոր չէ իրականացնել ո՛չ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, ո՛չ էլ համակարգչային տոմոգրաֆիա»,- ասել է Սաձագլիշվիլին։

Նախօրեին բանտ այցելած հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները եկել են այն եզրակացության, որ Արդարադատության նախարարությունը եւ Հատուկ քրեակատարողական ծառայությունը պետք է այլընտրանքային վայր ընտրեն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հնարավոր հոսպիտալացման համար։

Սաակաշվիլիի մեկ այլ փաստաբան Բեկա Բասիլայան կարծում է, որ Արդարադատության նախարարությունը չի ենթարկվում խորհրդի եզրակացությանը։

«Արդարադատության նախարարության եզրակացության համաձայն՝ հանրային պաշտպանը հանձնարարական է տվել, որ Սահակաշվիլիին չտեղափոխեն բանտային հիվանդանոց… Դա նշանակում է մի բան՝ պետությունը շահարկում է Միխայիլ Սահակաշվիլիի կյանքն ու առողջությունը, շահարկում է նրա անվտանգությունը»,- լրագրողներին ասել է Բասիլայան։
Մինչդեռ Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն ասում է, որ խորհրդի եզրակացության մեջ քաղաքացիական կլինիկայի մասին խոսք չկա։ Նա ընդգծել է, որ եթե Սաակաշվիլին հոսպիտալացվելու է, ապա դա կլինի միայն բանտային հիվանդանոցում։

«Միխայիլ Սահակաշվիլիի առողջական վիճակը վերահսկելու նպատակով ստեղծված խորհրդի վերջին եզրակացության մեջ ասվում է, որ Հատուկ քրեակատարողական ծառայության թիվ 18 բուժհաստատությունը բազմաֆունկցիոնալ կլինիկա է, ոչ թե քաղաքացիական, որը պատրաստ է ընդունել բանտարկյալ Սաակաշվիլիին»,- այսօր կառավարության նիստի ավարտից հետո ասել է արդարադատության նախարարը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ