Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Աս Սիսին չեղարկել է երկրում 2017 թվականից գործող արտակարգ դրության ռեժիմը։ Համապատասխան հայտարարությունը նա տեղադրել է Facebook-ի իր պաշտոնական էջում։
«Ուրախ եմ, որ միասին կիսում ենք այն պահը, որին միշտ ձգտել ենք պայքարի եւ տքնաջան աշխատանքի միջոցով»,- գրել է նա,-, «Եգիպտոսը իր մեծ ժողովրդի եւ հավատարիմ մարդկանց շնորհիվ դարձել է տարածաշրջանում անվտանգության եւ կայունության օազիս։ Ուստի տարիների ընթացքում առաջին անգամ ես որոշեցի չեղարկել արտակարգ դրության երկարաձգումը»,- փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Եգիպտոսում արտակարգ միջոցառումները մտցվել են 2017 թվականի ապրիլին՝ Տանտա եւ Ալեքսանդրիա քաղաքների եկեղեցիների վրա ահաբեկչական հարձակումներից հետո, որտեղ ծայրահեղականները պայթուցիկ էին գործարկել Ծաղկազարդի տոնակատարությունների ժամանակ: Այն ժամանակ զոհվել էր 45 մարդ, ավելի քան 120-ը վիրավորվել էին։ Հարձակումների պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։