News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահ է, որ շատերը «ուռճացնում են» Թուրքիայի ղեկավարի վարած քաղաքականության պատճառով երկրի տնտեսության առջեւ ծառացած խնդիրները։

Էրդողանին եւ նրա իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ) աջակցությունը մոտ է պատմական նվազագույնին մի շարք տնտեսական սխալների պատճառով, որոնցից էր Կենտրոնական բանկին ստիպելը՝ նվազեցնել տոկոսադրույքները, մինչդեռ ամբողջ աշխարհի կենտրոնական բանկերը խստացնում են քաղաքականությունը՝ ի պատասխան համաշխարհային բարձր գնաճի։ Դրա հետ կապված լիրան հոկտեմբերին հասել է ռեկորդային նվազագույնի` մոտ 10 դոլարի:  

Տնտեսական աճով տարված Էրդողանը անվստահությամբ է արձագանքել տնտեսության վերաբերյալ աճող դժգոհությանը, հայտնել է Financial Times-ը՝ վկայակոչելով ԱԶԿ-ի անդամին։

«Ստում ես: Ես ամեն բան քեզանից լավ գիտեմ»,- զայրացած ասել է Էրդողանը, երբ կուսակցության անդամներից մեկը այս մասին քննարկման մեջ է մտել նրա հետ։ «Նա համոզված է, որ կուսակցության եւ կառավարության որոշ անդամներ ուռճացնում են խնդիրները»,- ասել է պաշտոնյան։  

Էրդողանի տնտեսական պայքարը ոգեշնչում է ընդդիմությանը: Հանգստյան օրերին հրապարակված հարցումը ցույց է տվել, որ թուրքերի գրեթե երկու երրորդը կարծում է, որ նախագահը թերանում է տնտեսական հարցերում, իսկ ընդդիմադիր քաղաքական գործիչները ավելի լավ կկատարեին այդ աշխատանքը: Հարցվածների ավելի քան 60 տոկոսը կարծում է, որ անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ։

«Ներքին քաղաքականություն, արտաքին քաղաքականություն, տնտեսություն. ամեն բան գնալով վատանում է», - ասել է նախկին նախարարներից մեկը, ով, ինչպես հայտնել է Financial Times-ը, որոշել է մնալ ԱԶԿ-ում: «Դեռ հնարավորություն կա իրավիճակը, մթնոլորտը փոխելու։ Բայց կա միայն մեկ մարդ, ով կարող է դա անել: Ամեն ինչ կախված է նրանից»:

Հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն դատապարտել է Էրդողանի միջամտությունը Կենտրոնական բանկի աշխատանքին, որը, թուրքական օրենսդրության համաձայն, պետք է անկախ լինի։ Նա խորհուրդ է տվել թուրքերին, ովքեր դժվար իրավիճակում են բարձր գնաճի, ավելի թույլ արժույթի եւ ցածր կենսամակարդակի պատճառով, համբերությամբ զինվել՝ կանխատեսելով, որ շուտով կլինեն արտահերթ ընտրություններ։

Անցյալ ամիս Կենտրոնական բանկը ցնցել է ներդրողներին՝ սեպտեմբերին 1 տոկոսային կետով իջնելուց հետո հենանիշային տոկոսադրույքը 18 տոկոսից իջեցնելով 16 տոկոսի:

Հանգստյան օրերին «BOTAŞ» պետական ​​խողովակաշարային ընկերությունը 48 տոկոսով բարձրացրել է բնական գազի գները արդյունաբերության համար՝ ի պատասխան էներգակիրների համաշխարհային գների աճին եւ լիրայի վերջին կորուստներին: Սա չի ազդել տնային տնտեսությունների ծախսերի վրա, սակայն սոցցանցերում խոսակցություններ են պտտվում, որ շուտով կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել:

Հոկտեմբերի վերջին լիրան իջել է մինչեւ մեկ դոլարի դիմաց 9.85 ռեկորդային ցածր մակարդակի, եւ որոշ ներդրողներ կանխատեսում են, որ արժույթը կարող է ավելի մեծ անկում ապրել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում: 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից անմիջապես առաջ լիրան դոլարի դիմաց վաճառվում էր 1.15 դոլարով:

Երկուշաբթի թուրքական արժույթը վաճառվում էր մեկ դոլարի դիմաց 9.54 դոլարով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ