News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել անհապաղ եւ ագրեսիվ համատեղ գործողությունների օգտին՝ կլիմայի փոփոխության «էկզիստենցիալ սպառնալիքի» դեմ պայքարելու համար եւ հայտարարել համաշխարհային առաջնորդներին, որ հաջորդ տասնամյակը վճռորոշ է լինելու գլոբալ տաքացման հետեւանքների դեմ պայքարում:

Ելույթ ունենալով Գլազգոյում ՄԱԿ-ի գագաթնաժողովում՝ Բայդենը նշել է, որ երկրագունդը կլիմայի փոփոխության դեմ պայքարում «շրջադարձային կետում» է, եւ երկրները գործելու «պատուհան» ունեն միայն։

«Այլեւս ժամանակ չկա ձեռքերը ծալած նստելու կամ վիճելու համար», - ասել է Բայդենը։ «Սա մարտահրավեր է, էկզիստենցիալ սպառնալիք մարդկային գոյության համար: Եվ ամեն օր, երբ մենք հետաձգում ենք գործողությունները, անգործության գինը մեծանում է։ Այսպիսով, թող սա լինի այն պահը, երբ մենք կարձագանքենք պատմության կոչին այստեղ՝ Գլազգոյում: Թող սա լինի վերափոխիչ գործողությունների տասնամյակի սկիզբը, որը կպահպանի մեր մոլորակը եւ կբարելավի կյանքի որակը ողջ աշխարհի մարդկանց համար», - շարունակել է նա:

Բայդենն ասել է, որ գլոբալ տաքացումը կործանում է ԱՄՆ-ը եւ այլ երկրներ՝ դառնալով անտառային հրդեհների, անբերքատվության, ջրհեղեղների, ռեկորդային շոգի ու երաշտի պատճառ: «Մենք գիտենք, որ մեզանից ոչ ոք չի կարող խուսափել այն ամենից, ինչ սպասվում է, եթե չօգտվենք այս պահից», - ասել է նա:

Բայդենը նշել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը քայլեր է ձեռնարկել միանալու Փարիզի համաձայնագրին՝ ի թիվս այլ քայլերի, որոնք վարչակազմը ձեռնարկում է մաքուր էներգիային անցնելու համար։ Նա ակնարկել է նաեւ առաջիկա օրերին այլ նոր նախաձեռնությունների մասին։ «Իմ վարչակազմն աշխատում է արտաժամյա՝ ցույց տալու, որ կլիմայի պաշտպանության մեր հանձնառությունը գործողություն է, այլ ոչ զուտ խոսքեր», - ասել է նա:

Բայդենը նաեւ մատնանշել է էներգակիրների համաշխարհային բարձր գները՝ հիմնավորելով անցումը դրանց մաքուր աղբյուրներին՝ ասելով, որ իրենք կարեւորում են համաշխարհային հանրության կողմից էներգիայի աղբյուրները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը, որպեսզի մարդիկ չհիմնվեն մեկ աղբյուրի վրա:

«Էներգակիրների բարձր գները միայն ամրապնդում են աղբյուրների դիվերսիֆիկացման, մաքուր էներգիայի կրկնապատկման եւ մաքուր էներգիայի նոր խոստումնալից տեխնոլոգիաների ներդրման հրատապ անհրաժեշտությունը, որպեսզի մեր տնտեսությունները ապահովելու համար չափից դուրս կախված չլինենք էներգիայի մեկ աղբյուրից», - ասել է Բայդենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ