Աշխարհաժողովի ստեղծման պարագայում ազգ-բանակ կոնցեպցիան ի կատար կածվի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, Ազատության հրապարակում՝ «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանարահավաքից առաջ, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը։
«Ես չեմ եկել հանրահավաքին մասնակցելու, եկել եմ տեսնելու, թե մեր ժողովուրդը ինչ քարտեզի ետևից է գնում։ Կա մի ճանապարհ, որը մենք կարող ենք, իհարկե, աշխարհաժողով։ Աշխարհաժողովը՝ բոլոր խավերն իր մեջ ընդգրկած, ժողովրդի կողմից ընտրված զուտ մասնագիտական խավ։ Այն ժամանակ, եթե 7 դաս է եղել, այժմ գուցե 12 դաս լինի։ Հենց ստեղծեցինք աշխարհաժողովը, ազգ-բանակ կոնցեպցիան ի կատար ածված է»,- նշեց նա։
Մանուկյանի խոսքով՝ Հայաստանը տարվել է դեպի փակուղի։
«Մեր հայրենիքի վրա ստեղծել են արհեստական պետություններ և հայկական հարց են ուզում որոշել։ Բոլորը կեղծ օրակարգեր են։ Ադրբեջանը արհեստականորեն ստեղծված պետություն է, և պետք է այդ կեղտն ընկնի։ Մեղրիի ճանապարհը չպետք է բացվի և չի բացվելու»,- ընդգծեց Պավլիկ Մանուկյան։
Հարցին, թե Մանուկյանն արդյոք վտանգ է տեսնում Մեղրիի ճանապարհի բացման, նա պատասխանեց․ «Եթե թողնենք այս հայրենազուրկներին, իհարկե»։
Լրագրողի դիտարկմանը, որ ամենաբարձր մակարդակով այժմ խոսվում է դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին, Մանուկյանն արձագանքեց․ «Այս իշխանությանը պետք է դելիմիտացիա և դեմարկացիա արվի»։











