Այսօր խորհրդարանում տեղի ունեցածը պառլամենտարիզմի սովորական գործընթաց է։ Այս մասին հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովի նիստում՝ Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ մեկնաբանելով խորհրդարանի նիստում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքը։

«Տարբեր հայացքներ ունեցող մարդիկ կարող են բախվել իրար։ Նրանք, ովքեր ազդում էին մեր նյարդերի վրա, ըստ արժանվույն ստացան իրենց պատասխանը և ստացան լիովին»,- ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փաստացի խաբել և «քցել է» Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ վերջինս էլ իր հերթին խաբել և «քցել է» հայ ժողովրդին։

«Եվ գիտե՞ք, որն է ամենավատը, ժողովո՛ւրդ։ Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ ոչ ոք չասաց՝ «Ո՛չ, խաղաղությունն ու TRIPP-ը կարող են իրագործվել միաժամանակ»։ Նա անարգել կվերցնի ճանապարհը, իսկ մենք բոլորս կհայտնվենք «քցվածի» վիճակում։ Այս ամենի արդյունքում մեր երկիրն այդպես էլ չի ստանա բաղձալի խաղաղությունը։ Հիշո՞ւմ եք այն սրտիկները, որոնք ցույց էին տալիս ժողովրդին»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը՝ մատներով սրտիկ պատկերելով։

Խմբակցության ղեկավարը նաև հայտարարեց, որ իր ընտանիքը տարիներ շարունակ միլիոնավոր դոլարներ է փոխանցել Հայաստանի Հանրապետությանը, մինչդեռ Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչները բացահայտ հայտարարել են. «Մենք թալանում ենք, բայց ոչ նախկինների նման»։