News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 25
USD
481.63
EUR
545.49
RUB
6.17
Տեսնել լրահոսը


Երեւանում այսօր՝ նոյեմբերի 29-ին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել ի աջակցություն Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի: Նշենք, որ այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում ընթանում է Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը, որը մտել է դատաքննության փուլ:

Այսօր բողոքի ակցիա է տեղի ունենում նաեւ դատարանի Գորիսի նստավայրի մոտ:

Երեւանում ընթացող ակցիայի մասնակիցների  ձեռքին կան պաստառներ. «Դիմադրեք, դատավորներ, մի վախեցեք», «Վերջ զանգովի արդարադատությանը», «Ազատություն քաղբանտրակյալներին»:

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ որեւէ իրավական հիմք չկա Առուշ Առուշանյանին կալանավորելու, դա տեղի է ունեցել բացառապես քաղաքական նպատակներով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Առուշ Առուշանյանը կալանքի տակ է, նա մեղադրվում է համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, ԱԺ արտահերթ ընտրությունների (որին ինքը մասնակցում էր «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով) նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ ծանր հանցագործություն նախապատրաստելու, այն է` ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալու մեջ:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Առուշ Առուշանյանը Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի ընտրողներին 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:

Առուշանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել