News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը


Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի քննիչ հանձնաժողովների մասին կարծրատիպերը կոտրվեն, և ունենանք հավաստիության բարձր մակարդակ ունեցող զեկույց։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար, քննիչ հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով Արցախյան 44-օրյա  պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված գումարները կառավարությանը փոխանցելու հարցն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի սպասվող աշխատանքներին։

«Այն, որ գործող իշխանությունը տորպեդահարեց հանձնաժողովի` ավելի շուտ ստեղծումը, և մեր արձագանքից հետո միայն ներկայացրին իրենց թեկնածուներին, խոսում է այն մասին, որ ընդդիմությունը որոշակի ազդեցություն կարողացավ ունենալ։ Հարցադրումները, որ ընդունվեցին, չափազանց կարևոր էին ելակետային աշխատանքներ սկսելու առումով։ Համոզված եմ՝ երբ հարցերից շատերի պատասխանները գան, փաստերի ուժով, անկած քաղաքական հայացքներից, մարդիկ պարտադրված են լինելու պատասխաններ տալ։ Հիմնադրամից գումարների փոխանցումը պետական բյուջե հստակեցված չէ` ինչ նպատակով են արվել։ Դրանք անհատույց տրվել են պետական բյուջե։ Արդյո՞ք այդ փոխանցման իրավասությունը հիմնադրամը ուներ և եթե ուներ, ինչ կարգով պետք է հաշվետվություն տա հազարավոր մեր հայրենակիցներին, եւ կառավարությունը պետք է պատասխանի` այն միջոցները, որոնք ներկայացվել են որպես նվիրաբերություն, արյո՞ք ծառայել են իրենց նպատակին, թե, այնուամենայնիվ, եղել են չարաշահումներ»,- նշեց Մինասյանը։

Այն, որ խորհրդի անդամները, այդ թվում՝ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և ուրիշներ, տեղի ունեցածի վերաբերյալ չեն ծանուցվել, Արծվիկ Մինասյանի համոզմամբ, իրավական հետևանք է ունենալու։

«Հանձնաժողովի կազմում հարցեր են հնչելու ոչ միայն հիմնադրամի պատասխանատուներին, այլ նաև հանրապետության նախագահին, վարչապետին։ Այս հարցում իշխող խմբակցության պատգամավորները ևս առաջարկություն չունեին։ Օրենքով ամրագրված կարգավորումներով բոլոր պատասխանատուները պարտավոր են պատասխանել քննիչ հանձնաժողովի հարցերին Մեր խմբակցության կողմից շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, ըստ որի՝ քննիչ հանձնաժողովում սուտ, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տրամադրելը համարվելու է հանցագործություն։ Սրանով հնարավորություն կունենաք ուժեղացնել քննիչ համաժողովի դերակատարությունը։ Աուդիտն ասել է, որ չի կարող ասել` միջոցները ծախսվե՞լ են համապատասխան նպատակներով, թե ոչ։ Երկրում կա պետական մարմին, որն իրավասու է դա պարզել, խոսքը Հաշվեքննիչ պալատի մասին է, և քննիչ հանձնաժողովը ևս պետք է ներգրավվի այդ աշխատանքներին։ Մեր նպատակներից մեկն էլ այն է, որ Հաշվեքննիչ պալատը՝ որպես սահմանադրական մարմին, այս հարցում ստանձնի դերակատարություն»,- ընդգծեց Մինասյանը։

Մինասյանի խոսքով՝ ձգտելու են վեցամսյա ժամկետում հանձնաժողովի կազմում տալ բոլոր հարցերի պատասխանները, իսկ եթե փորձեն խոչընդոտներ հարուցել, դա հիմք է լինելու ժամկետների երկարացման պահանջի համար։

«Ես չեմ բացառում, որ խոչընդոտներից մեկը կլինի այն, որ փորձեն քրեական գործ հարուցել որևէ հարցի վերաբերյալ, որի պատճառով հանձնաժողովը չկարողանա շարունակել այդ հարցով աշխատանքները։ Եթե հարցերի պատասխանները չկարողանանք ստանալ, նշանակում է՝ հանձնաժողովը չի կարողացել ծառայել իր հիմնական նպատակներին»,- նկատեց Մինասյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ