News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում բանտարկված մեքսիկացի նարկոբարոն Խոակին «Էլ Չապո» Գուսմանի կինը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման այն բանից հետո, երբ իրեն մեղավոր է ճանաչել Սինալոա թմրակարտելին օգնելու մեջ, հայտնում է Reuters-ը։

Մինչ Վաշինգտոնի դաշնային դատարանում դատավճիռ կայացնելը, 32-ամյա Էմմա Կորոնել Այսպուրոն խնդրել է ԱՄՆ շրջանային դատավոր Ռուդոլֆ Կոնտրերասին գթասրտություն ցուցաբերել:

«Ամբողջ հարգանքով այսօր դիմում եմ ձեզ՝ հայտնելու իմ անկեղծ ափսոսանքը իմ պատճառած ցանկացած վնասի համար, եւ խնդրում եմ ձեզ եւ այս երկրի բոլոր քաղաքացիներին ներել ինձ», - ասել է նա:

Այսպուրոն հավելել է, որ վախենում է, որ դատավորին դժվար կլինի ներում շնորհել իրեն, քանի որ նա Գուսմանի կինն է։ «Միգուցե այդ պատճառով դուք զգում եք, որ պետք է ավելի կոշտ լինեք ինձ հետ, բայց ես խնդրում եմ, որ դա չանեք»,-հավելել է նա։

Դաշնային դատախազները պահանջել են, որ Կորոնելը դատապարտվի չորս տարվա ազատազրկման՝ հավելելով, որ նա կկորցնի 1,5 միլիոն դոլար իր պատժի շրջանակներում:

Դատախազների հետ համաձայնության շրջանակում Կորոնելը խոստովանել է, որ որպես առաքիչ է գործել Գուսմանի եւ Սինալոա կարտելի այլ անդամների միջեւ, երբ նա գտնվում էր Մեքսիկայի Ալտիպլանո բանտում՝ 2014 թվականին ձերբակալվելուց հետո: Գուսմանն օգտագործել է այս կապը՝ 2015 թվականին բանտից փախուստը պլանավորելու համար։

2016 թվականի հունվարին նարկոբարոնը կալանավորվել է, իսկ մեկ տարի անց նրան արտահանձնել են ԱՄՆ։ 2019 թվականի փետրվարին նա դատապարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, դավադրության, առեւանգման, սպանության եւ այլ մեղադրանքների համար, այնուհետեւ դատապարտվել ցմահ ազատազրկման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ