News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 16
USD
480.88
EUR
550.94
RUB
6.32
Տեսնել լրահոսը

Ս.թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա հանդիպում Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Նիկոլայ Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտի մետաղակոմպլեքս և նանոչափ կատալիզատորների լաբորատորիայի ղեկավար, Եվրոպայի ակադեմիայի անդամ Վալենտին Անանիկովի հետ։ Ակադեմիկոս Անանիկովը հանդես կգա «Կատալիզի բազմակողմանի տեսությունը Ա.Ա. Բալանդինից մինչև մեր օրեր» գիտական զեկուցմամբ։

ԳԱԱ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Վալենտին Անանիկովը ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող Արփինե Հարությունյանի և ավագ գիտաշխատող Աստղիկ Շահխաթունու կողմից ղեկավարած «Իոնական հեղուկների մշակում և դրանց կիրառությունը քիմիայում»,  «Կենսաբանորեն ակտիվ միացությունների ինքնության և մաքրության վերլուծության նոր միջուկային-մագնիսական ռեզոնանսի սպեկտրոսկոպիկ եղանակների մշակում» թեմաների օտարերկրյա խորհրդատուն է: Աշխատանքներն իրականացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ:

Հայաստան այցի ընթացքում ակադեմիկոս Անանիկովը հանդես կգա գիտական զեկուցումներով և դասախոսություններով։ Ս.թ. դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14.00-ին, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում (Ազատության 26) տեղի կունենա «Իոնային հեղուկների կառուցվածքային կազմակերպման, հատկությունների և կենսաբանական ակտիվության ուսումնասիրություն» թեմայով դասախոսություն:

Վալենտին Անանիկովի հիմնական գիտական հետաքրքրությունն է բացահայտել, թե ինչպես են ընթանում քիմիական ռեակցիաները մոլեկուլային և նանոչափ մակարդակում՝  նպատակ դնելով ղեկավարել դրանք հատուկ ստեղծվող կատալիզատորների օգնությամբ։ Ընդ որում, այդ պրոցեսները պետք է իրականացվեն «կանաչ քիմիա» հայեցակարգի շրջանակում, այսինքն, անթափոն և անվտանգ քիմիայի։ Ակադեմիկոս Անանիկովն իրականացնում է քիմիական գործընթացների տեսական ուսումնասիրություն և մոդելավորում, արհեստական բանականության կիրառություն քիմիական հետազոտություններում: Նա ստեղծել է մի շարք նանոչափ արդյունավետ կատալիզատորներ, որոնց միջոցով հնարավոր է կորզել կենսաբանական զանգվածից զանազան օգտակար քիմիական միացություններ։

Տպել