News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նոյեմբերին Վրաստանում գնաճը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 12.5 տոկոս։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ծառայության «Սակստատ» (Geostat) կայքի նյութերում։

Տարվա ընթացքում ամենաշատն աճել են պարենային եւ ոչ ալկոհոլային խմիչքների գները՝ 17 տոկոս, ինչն արտացոլվել է տարեկան գնաճի մակարդակում՝ 5.35 տոկոսային կետի տեսքով։ Եթե ​​խոսենք կոնկրետ ենթախմբերի մասին, ապա տարվա ընթացքում ամենաշատն աճել են ձեթի եւ յուղերի (27.7 տոկոս), ինչպես նաեւ բանջարեղենի (26.2 տոկոս) գները։ Հացաբուլկեղենը թանկացել է 20.4 տոկոսով, կաթը, պանիրն ու ձուն՝ 17.9 տոկոսով, շաքարավազը, մուրաբա եւ այլ քաղցրավենիքները՝ 17.4 տոկոսով, ձուկը՝ 16 տոկոսով, մրգերն ու խաղողը՝ 15.5 տոկոսով, հանքային եւ աղբյուրի ջուրը, ոչ ալկոհոլային խմիչքներն ու բնական հյութերը՝ 13.6 տոկոսով, միսը եւ մսամթերքը՝ 10.7 տոկոսով, սուրճը, թեյը եւ կակաոն՝ 6.9 տոկոսով, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Տարեկան գնաճի ձեւավորման վրա էապես ազդել է նաեւ «տրանսպորտ» խմբում գների փոփոխությունը՝ 20.5 տոկոս, որն արտացոլվել է տարեկան գնաճի մակարդակում՝ 2.5 տոկոսային կետի տեսքով։ Տրանսպորտային միջոցների շահագործման գներն աճել են 30.1 տոկոսով, իսկ մեքենաների սպասարկմանը` 2.6 տոկոսով։ Միաժամանակ տրանսպորտային միջոցների գնման գները 2020 թվականի նոյեմբերի համեմատ նվազել են 3.3 տոկոսով։

«Բնակարան, ջուր, էլեկտրաէներգիա, գազ» խմբում տարվա կտրվածքով գների աճը կազմել է 11.5 տոկոս։ Եթե ​​խոսենք ենթախմբերի մասին, ապա էլեկտրաէներգիան, գազը եւ վառելիքի այլ տեսակները թանկացել են 14.2 տոկոսով, բնակարանների ընթացիկ սպասարկումն ու վերանորոգումը` 7.2 տոկոսով, ջրամատակարարումը եւ բնակարանային այլ ծառայությունները` 4.5 տոկոսով։

Նոյեմբերին սպառողական գների ինդեքսն ամսական կտրվածքով նվազել է 0.6 տոկոսով։ Առանց ծխախոտի ամսական գնաճը կազմել է 6.1 տոկոս, իսկ տարեկան կտրվածքով գներն աճել են 6.1 տոկոսով։

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վերջին կանխատեսման համաձայն՝ այս տարի Վրաստանում միջին գնաճը կսահմանվի 7.3 տոկոս, իսկ դեկտեմբերին կհասնի 9.4 տոկոսի։ Հիմնադրամի փորձագետներն ակնկալում են, որ 2022 թվականին Վրաստանում գնաճը կնվազի մինչեւ 2.8 տոկոս։

ԱՄՀ-ն նշում է, որ երկրին կարող է դրամավարկային քաղաքականության հետագա խստացում անհրաժեշտ լինել, եւ Վրաստանի Ազգային բանկը պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում արագ բարձրացնել տոկոսադրույքը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ