News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եթե ես էլ լինեի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի փոխարեն, ապա ինքնաբացարկ չէի հայտնի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն նոյեմբերի 29-ին դատավոր Զարուհի Նախշքարյանին խիստ նկատողություն էր հայտարարել՝ «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։

«Երբ խոսքը գնում է գործընկերոջդ մասին, չես կարող լավ դիտարկել այն, որ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկեցին, առավել եւս երբ խոսում ենք Զարուհի Նախշքարյանի մասին։ Այն դատավորի մասին, որն ունի մասնագիտական բարձր որակներ, ընդգծված սկզբունքայնություն եւ չափից ավելի ուղղամտություն։ Շատ ցավով եմ վերաբերվում, որ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկեցին»,- նշեց դատավոր Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ ԲԴԽ-ի որոշումները քննարկելու, վերլուծելու իրավասություն չունի, սակայն ինչպե՞ս կվարվեր ինքը, եթե լիներ Զարուհի Նախշքարյանի փոխարեն.

«Ինքս ինքնաբացարկ չէի հայտնի, կվարվեի տիկին Նախշքարյանի պես. կշարունակեի քննել այդ գործը։ Ինչքանով ինձ պարզ է դարձել հանգամանքները, այնտեղ խոսք չի գնում անձնական հարաբերությունների մասին։ Նախշքարյանը հանդես է եկել որպես դատական իշխանության ներկայացուցիչ եւ իշխանության մի ճյուղի ներկայացուցիչն էլ փորձել է ինչ-որ բաներ խոսել կամ քննադատել։ Այս դեպքում խոսել այն մասին, թե ինքը կաշկանդվածություն ունի, եւ, որ չի կարող այդ գործը քննե՞լ. իմ կարծիքով՝ ես նույնպես կքննեի, որովհետեւ եթե ես հակառակ որոշումը կայացնեի, ապա դա կարող էր շատ վատ դիտարկվել, կստացվեր, որ այդ գործը խուսափում եմ քննել»։

Ըստ դատավոր Հովհաննիսյանի՝ եթե դատավորը գտնում է, որ կարող է քննել այդ գործը, ապա այդտեղ եւ՛ հանրությունը, եւ՛ դատավարության կողմերը պետք է ելնեն դատավորի պրոֆեսիոնալիզմին հավատալու կանխավարկածից.

«Դատավորին պետք է մոտենաս հավատալու կանխավարկածով։ Նույնն է, որ գործադիր մարմնի մի ներկայացուցիչ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա, ես քննադատական մոտենամ, թե իրենց փոփոխությունը շատ վատն է, այնուհետեւ ասեն այդ նախաձեռնությամբ հանդես եկած անձի հետ կապված գործը չեմ կարող քննել, քանի որ քննադատորեն եմ մոտեցել այդ անձի նախաձեռնությանը»։

Դատավորի կարծիքով՝ Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը չկային։

Նշենք, որ ԲԴԽ-ի կողմից կայացված այս որոշումը վրդովվեցրել է փաստաբանական համայնքին եւ մի շարք դատավորներին։ Նրանք պնդում են, որ դատավորի նկատմամբ քաղաքական ճնշումներ են իրականացվում, քանի որ Նախշքարյանը իշխանություններին հաճելի որոշումներ չի կայացնում։

Տպել
Ամենաշատ