News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 27
USD
482.47
EUR
544.52
RUB
6.1
Տեսնել լրահոսը

Վախճանվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսոր, աստղաֆիզիկայի ամբիոնի երկարամյա վարիչ, Ղազարյան գալակտիկաների հեղինակ Միշա Արիստակեսի Ղազարյանը։

Այս մասին հայտնում են Բյուրականի աստղադիտարանից ու մանրամասնում են, որ նա արտագալակտիկական աստղագիտության ոլորտի ամենահայտնի հայ աստղագետներից մեկն էր:

Միշա Ղազարյանը ծնվել է 1932թ. մարտի 5-ին Հայաստանի Մարալիկ քաղաքում: 1958թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) աստղաֆիզիկայի ամբիոնը, 1958-1980թթ․ աշխատել Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ)։ 1968թ-ին պաշտպանել է ատենախոսական թեզը պրոֆեսոր Գրիգոր Գուրզադյանի ղեկավարությամբ, իսկ 1990թ. արժանացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

1968թ-ից Ղազարյանն աշխատել է ԵՊՀ աստղաֆիզիկայի ամբիոնում՝ սկզբում որպես դասախոս, իսկ 1990թ-ից՝ որպես պրոֆեսոր։ 1994թ-ից մինչև 2005թ․ եղել է աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչը։ 1980-1990թթ․ զբաղեցրել է ԵՊՀ արհեստական արբանյակների դիտողական կայանի վարիչի պաշտոնը։

Ղազարյանի հետազոտությունները նվիրված են Hα աստղերի, գիսաստղերի միգամածությունների և գերմանուշակագույն ճառագայթման ավելցուկով գալակտիկաների տարբեր ուսումնասիրություններին։ Նա հրապարակել է ավելի քան 100 աշխատություն Astrofizika/Astrophysics, ԲԱ հաղորդումներ և Աստղաֆիզիկա ամսագրերում:

Զեկուցումներով է հանդես եկել միջազգային տարբեր գիտաժողովներին։ 706 գերմանուշակագույն ճառագայթմամբ գալակտիկաները գրանցվել են և հայտնի են որպես Ղազարյանի գալակտիկաներ։ Այս օբյեկտներից 120-ը լուսաչափական և սպեկտրադիտական կերպով ուսումնասիրվել են Ղազարյանի և այլոց կողմից ԲԱ 2,6մ և Հատուկ աստղադիտարանի (SAO, Ռուսաստան) 6մ աստղադիտակներով:

Ղազարյանը նշանակալի ներդրում է ունեցել բազմաթիվ հայ աստղագետների պատրաստման գործում։ Հանդիսացել է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ), Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ) և Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) անդամ:

Միշա Ղազարյանի հոգեհանգիստը կայանալու է այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 19։00-ին Նոր Նորքի 1-ին զանգվածի Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի հարևանությամբ գտնվող սգո սրահում։

Տպել
Ամենաշատ