News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

«Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մեկնաբանում Իշխան Զաքարյանի՝ խմբակցությունից դուրս գալու որոշումը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Իշխան Զաքարյանը 2021թ.–ի հունիսի 20–ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցել է «Հայրենիք» եւ ՀՀԿ կուսակցություններից ձեւավորված «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքով։ Նա ներկայացնում էր «Հայրենիք» կուսակցությունը։

Այսօր՝  դեկտեմբերի 10–ին, Իշխան Զաքարյանը հայտարարությամբ տեղեկացրեց, որ  դուրս է գալիս «Պատիվ ունեմ» խմբակցությունից, նշելով, որ «ցանկացած դաշինք ունի որոշակի կաշկանդող գործոններ եւ իր որոշումը հիմնականում պայմանավորված է դրանով եւ ինքը չի ուզում իր գործունեությունը կաշկանդել»։

«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը մեզ հետ զրույցում Իշխան Զաքարյանի՝ խմբակցությունից դուրս գալու որոշմանն այսպես արձագանքեց.

«Խմբակցությունից դուրս գալու պատճառներին մանրամասն ծանոթ չեմ։ Կարծում եմ դա պայմանավորված է իր գործունեությամբ, ինքը հայտարարությամբ ասաց, որ առաջարկներ ունի, երբ խոսի դրանց մասին,  այդ ժամանակ էլ պարզ կլինի խմբակցությունից դուրս գալու պատճառը»։

Հարցին, թե Իշխան Զաքարյանը երբեւէ  կաշկանդվածության մասին բարձրաձայնե՞լ է «Հայրենիք» կուսակցությունում, Սոս Հակոբյանն ասաց.

«Պատգամավորական ընդդիմադիր գործունեության մասով ես նման բան երբեւէ չեմ լսել, գուցե ինչ–որ նոր հանգամանքներ կան, որոնց մասին պարոն Զաքարյանը դեռ չի խոսել։  Տեղյակ չեմ՝ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ հանդիպում ունեցե՞լ է, թե՝ ոչ, բայց վստահ եմ, որ Իշխան Զաքարյանի՝ խմբակցությունից դուրս գալն անակնկալ չէր։ Ես տեղեկություն չունեմ՝ խմբակցությունում իրենից պահանջե՞լ են մանդատը վայր դնել, թե՝ ոչ։ Համենայնդեպս, նորմալ կլիներ, որ խմբակցությունից դուրս եկողը մանդատը վայր դներ»,– հավելեց Սոս Հակոբյանը։ 

Նշենք, որ նոյեմբերին մամուլում հրապարակումներ եղան, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը դուրս կգա խմբակցությունից։ Զաքարյան այդ ժամանակ ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այդ լուրը։

«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, Արթուր Վանեցյանը Զաքարյանին հորդորել էր խմբակցությունը լքելու դեպքում մանդատից հրաժարվել, սակայն Իշխան Զաքարյանի ՔՊ-ական ընկերները` Խաչատուր Սուքիասյանի ղեկավարությամբ, ավելի համառ են գտնվել։

«Փաստինֆո»-ն նոյեմբերի 5–ին գրել էր, որ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանի վերաբերյալ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով։ Խոսքը հողերի օտարման գործընթացի մասին է. ըստ նախաքննական մարմնի՝ կազմակերպված աճուրդները կրել են ձեւական բնույթ՝ հօգուտ Իշխան Զաքարյանի։ Կայքի տեղեկություններով, իշխանությունները հատուկ բանագնացի միջոցով հասկացրել են, որ կամ պետք է դուրս գա ընդդիմադիր՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից, եւ մանդատը վայր չդնի,  կամ էլ նրան մեղադրանք կառաջադրվի։

Օրեր անց, Դատախազությունը «Փաստինֆոյին» հայտնել էր, որ  ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում Իշխան Զաքարյանի եւ մյուսների վերաբերյալ նախապատրաստված նյութերը 2020թ սեպտեմբերի 17-ին ուղարկվել են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ, որտեղ 2020թ սեպտեմբերի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը, որն իրականացվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ), 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստացում), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք ) եւ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելը) հարուցվել է քրեական գործ։

Ըստ դատախազության՝ նշված քրեական գործով նախաքննությամբ ձեռք բերված՝ հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցության հիման վրա Իշխան Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Զաքարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Ցանկացած դաշինք ունի որոշակի կաշկանդող գործոններ. Իշխան Զաքարյանը՝ «Պատիվ ունեմ»-ից դուրս գալու մասին

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ