News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունները վկայում են այն մասին, որ տարբերություններ կան Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպման ընթացքում ստորագրված բանավոր եւ գրավոր պայմանավորվածությունների բովանդակության մեջ եւ մոտեցումներում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց  «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ 

Նրա խոսքով՝ կառավարության ժամին Փաշինյանը, մասնավորապես, մի շարք ոչ միանշանակ հայտարարություններ արեց։

«Այսպես, կառավարության ժամին վարչապետն ասաց, որ արդեն 2016 թվականին հայկական կողմը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս Ղարաբաղի ցանկացած կարգավիճակ ապահովելու հնարավորությունը։ Եթե ​​այդպես է, ապա ինչո՞ւ 2018-ին հայտարարվեց, որ «Ղարաբաղը Հայաստան է, եւ վերջ»։ Ինչու՞ տարբեր միջոցառումներ անցկացվեցին Ղարաբաղում։ Այս ամենը վկայում է նախկինում ձեռք բերված գրավոր եւ բանավոր պայմանավորվածությունների միջեւ տարբերության առկայության մասին»,-պարզաբանեց Օհանյանը։

Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրավիճակը թույլ է տալիս եզրակացնել, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները։

«Նման պայմաններում անընդունելի է հապճեպ սահմանազատում եւ սահմանագծում անցկացնել՝ վտանգի տակ դնելով Ղարաբաղի ճակատագիրը»,-ասաց պատգամավորը։

Ընդ որում, ընդդիմությունը դեմ չէ սահմանների սահմանազատմանն ու սահմանագծմանը։ Այնուամենայնիվ, Օհանյանը կարծում է, որ դրա համար պետք է ստեղծվեն բոլոր անհրաժեշտ պայմանները։

«Պահանջում ենք արտահերթ նիստ հրավիրել, որպեսզի կառավարությունը հաշվետվություն ներկայացնի։ Պահանջում նշվում է նաեւ, որ բոլոր գործողությունները պետք է իրականացվեն Հայաստանի օրենսդրությանը եւ միջազգային բոլոր ընթացակարգերին համապատասխան։ Ոչ ոք բանավոր կամ գրավոր չի կարող ձեռք բերել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը խախտող որեւէ պայմանավորվածություն»,-ասաց պատգամավորը։

Օհանյանն ընդգծեց, որ բանակի վերականգնմանն ուղղված միջոցառումները պետք է արագ տեմպերով իրականացվեն։ Դա վերաբերում է նաեւ անվտանգության համակարգի ձեւավորմանը, սահմանների պաշտպանությանը, ինչպես նաեւ ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունների հստակեցմանը եւ բարելավմանը։

Այնուամենայնիվ, բավական երկար քննարկումներից հետո խորհրդարանական հանձնաժողովը՝ ի դեմս իշխող մեծամասնության, բացասական եզրակացություն տվեց ԱԺ հայտարարության հերթական նախագծին։

Հարկ է նշել, որ ընդդիմությունը պատրաստակամություն է հայտնել ՔՊ-ի հետ համագործակցությամբ վերջնական տեսքի բերել ԱԺ հայտարարության նախագծի տեքստը՝ նախքան այն խորհրդարանի քննարկմանը ներկայացնելը։ Նկատենք, որ գործող իշխանության ներկայացուցիչների հիմնական բողոքը հենց դա էր։ Այդուհանդերձ, հանձնաժողովի անդամները, որոնք ներկայացնում էին իշխող մեծամասնությունը, անդրդվելի մնացին։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ