News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Կարծում եմ՝ կընտրվեմ Վանաձորի համայնքապետ, որովհետեւ ավագանիում ներգրավված բոլոր անդամները այդտեղ են հայտնվել են ի շահ Վանաձորի, իսկ վանաձորցին իր վստահության բարձր քվեն տվել է ինձ եւ իմ գլխավորած ուժին, հետեւաբար դրա հետ համաձայնելը կլինի հօգուտ Վանաձոր խոշորացված համայնքի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մամիկոն Ասլանյան» կուսակցություններ դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը։

Դեկտեմբերի 5–ին Վանաձորի ավագանու ՏԻՄ ընտրություններում 10 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել էր 5–ը։ Առաջատար է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը» (15 մանդատ), երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է  (9 մանդատ), երրորդում` «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» կուսակցությունը (5 մանդատ), իսկ չորրորդ եւ հինգերրորդ տեղերը զբաղեցնում են «Հայրենիք» (2 մանդատ),  եւ «Ապրելու երկիր» (2 մանդատ) կուսակցությունները:

Այդուհանդերձ, Վանաձորում «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը մեծամասնություն չի կազմել, նրան պակասում էր ընդամենը երկու մանդատ։

Մամիկոն Ասլանյանն ավելի վաղ հայտարարել էր, որ անցողիկ շեմը հաղթահարած որեւէ ուժի հետ կոալիցիա չի կազմի, այսօր էլ նա վերահաստատեց իր խոսքերը՝ ընդգծելով, որ համայնքապետի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ կապահովեն ավագանու անդամները։

«Ես ընտրել եմ այն ֆորմատը, որ գնանք լայն կոնսոլիդացիայի, քանի որ քաղաքական կոալիցիաները հաճախ վնասում են ավագանու այլ անդամների կամարտահայտությանը։ Ավագանու այն անդամները, որոնք կհամարեն, որ  վանաձորցու տված քվեն պիտի հավուր պատշաճի ծառայի՝ ի շահ Վանաձորի, իրենք կարող են այդ քվեարկությամբ աջակցություն հայտնել»,– ասաց Մամիկոն Ասլանյանը՝ հավելելով, որ հետագայում ավագանու բոլոր ուժերի անդամների հետ կլինեն աշխատանքային լավ հարաբերություններ՝ առանց «մերոնցական, ձերոնցական» մոտեցումների։

«Մամիկոն Ասլանյան» կուսակցություններ դաշինքն այս ընթացքում անցողիկ շեմը հաղթահարած մյուս 4 քաղաքական ուժերի հետ հանդիպումներ է ունեցել։ «Հակամարտությունը մնացել է անցյալում, պետք է առաջ նայենք եւ զբաղվենք Վանաձոր խոշորացված համայնքի խնդիրների լուծմամբ»,– ասաց Վանաձորի համայնքապետի թեկնածուն։

Ըստ Մամիկոն Ասլանյանի՝ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում արդյունքների վերահաշվարկից եւ մանդատների բաշխումից հինգ օր հետո՝ դեկտեմբերի 17–ին,  եթե դատարան դիմած քաղաքական ուժ չի լինում, պիտի հրավիրվի ավագանու անդրանիկ նիստը։

Նշենք՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, որին ընդամենը 10  ձայն չէր բավարարել անցողիկ շեմը հաղթահարելու համար, հայտարարել էր, թե դիմելու են դատարան՝ ավագանիում մանդատներ ունենալու իրենց իրավունքը պաշտպանելու նպատակով։

Ընտրությունների արդյունքների վերահաշվարկից հետո էլ ԼՀԿ–ի ստացած 1314 ձայները անփոփոխ են մնացել։

«Այս պահին որեւէ հիմք չկա դատարան դիմելու եւ չեմ կարծում, որ եթե հիմք լինի, ԼՀԿ–ն ինչի պետք է դիմի դատարան։ Կարծում եմ՝ տեսել են, որ վերահաշվարկն արդյունք չի տվել, չեն դիմել դատարան, մինչեւ այս պահը ես գոնե այդպիսի տվյալ չունեմ, որ դիմել են դատարան»,– հավելեց Մամիկոն Ասլանյանը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ