News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին` Արման Մադաթյանը մտադիր է առաջադրվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հենց ինքը` Մադաթյանը` մեկնաբանելով իր առաջադրման մասին մամուլի հրապարակումները:

Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ,  Հանրապետական կուսակցության Էրեբունիի տարածքային կառույցի փոխնախագահ Արման Մադաթյանը նշեց, որ թեեւ նման մտադրություն ունի, սակայն իր այդ մտադրությունը պետք է համաձայնեցվի կուսակցության ղեկավարության հետ: 

Ուշագրավ է, որ նույն ընտրատարածքում առաջադրվելու մտադրություն ունի նաեւ Էրեբունիի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը, ում հետ, ի դեպ, Մադաթյանները խնամիական կապի մեջ են: Այս հանգամանքը, սակյան, կրտսեր Մադաթյանին չի կաշկանդում: «Հա, լսել եմ, որ նա առաջադրվելու ցանկություն ունի, կարդացել եմ այդ մասին նրա հարցազրույցը: Ընտրություններին դեռ բավական ժամանակ կա: Եւ երբ ժամանակը գա, իմ կուսակցական ընկերների հետ կորոշենք իմ անելիքները: Դեպքերից առաջ ընկնել պետք չի»,-կարճ արձագանքեց նա: Ըստ լուրերի, եթե նրան չհաջողվի առաջադրվել մեծամասնական ընտրակարգով, ապա կընդգրկվի ՀՀԿ-ի նախընտրական ցուցակ:

Հարցին, թե ինչո՞ւ է ուզում օրենսդիրի գործունեությամբ զբաղվել, Երեւանի ավագանիում աշխատանքն իրեն չի՞ գոհացնում, Մադաթյանը պատասխանեց. «Ցանկություն կա, որ ինչպես Երեւան քաղաքի կառավարման գործում եմ իմ առաջարկները ներկայացնում եւ աշխատում, այնպես էլ նույն եռանդով ու ծանրաբեռնվածությամբ աշխատեմ նաեւ օրենսդիր մարմնում»:

Նշենք, որ  ըստ մամուլի հրապարակումների` առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բավական փոփոխություններ է կրելու Էրեբունի վարչական շրջանն ընդգրկող ընտրատարածքի քարտեզը, որպեսզի այդտեղ  առաջադրվելու հնարավորություն ունենան միանգամից մի քանի թեկնածուներ: Ըստ այդմ` Էրեբունիի մի ընտրատարածքում առաջադրվելու է Մհեր Սեդրակյանը, մյուսում` Էդուարդ Մադաթյանի որդին:  Նրանք, քանի որ խնամիներ են, որոշել են միմյանց դեմ չդնել թեկնածությունները եւ Էրեբունին հավասար կիսել են իրար մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ