Մենք հանդիպեցինք ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Վարդան Ավագյանի հետ, ինքն ասաց, որ մինչեւ հունվարի 30-ը աշխատելու ենք, դրանից հետո եթե խնդիր լինի, իրեն տեղեկացնենք: Այս մասին, այսօր՝ հունվարի 10-ին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեցին աշխատակիցները, որոնք նոր էին դուրս եկել տնօրենի մոտից:
«Մեզ ասել է, որ կշարունակենք աշխատել, մինչեւ տեղի հարցը քննարկվի, եւ իմանանք, թե ինչ է լինելու մեր հետագան: Մենք դրսում չենք մնալու, բոլորս աշխատելու ենք:
Տնօրենը հենց այսօր պետք է ներկայանա առողջապահության նախարարություն մեր հարցերով: Երբ հարցը լուծվի, մեզ կտեղեկացնեն: Աշխատակիցները տեղափոխվելու են մյուս հիմնարկություն, որը մեզ կտրամադրի նախարարությունը: Տնօրենն ասաց, որ շատ գոհ է մեր աշխատանքից, դուք մեր հիվանդանոցի լավագույն աշխատողներն եք, մենք չենք ուզում ձեզնից հրաժարվել»,-ասաց ին նրանք:
Իր հերթին կենտրոնի տնօրեն Վարդան Ավագյանն ասաց, որ քանի որ կենտրոնի «բ» մասնաշենքում փետրվարի 1-ից վերանորոգման աշխատանքներ են սկսվելու, իրենք աշխատակիցներին տեղեկացրել են այդ մասին. «Ունենալու ենք հաստիքացուցակի փոփոխություններ, որոշվել է այդ ծառայությունը տեղափոխել այլ բուժհաստատություն: Բայց քանի որ դեռ լրիվ պայմանական է, ես չեմ կարող կոնկրետ թվերով ասել, թե որտեղ, ինչ, երբ:
Մենք փորձելու ենք մեր աշխատակազմը պահել: Մենք մեր աշխատողների թշնամին չենք, չկա մարդկանց ազատելու կարիքը, եթե ուրիշ տեղ այդ նույն ծառայությունը մատուցում ենք: Չեմ կարող ասել բոլորին, բայց մեծ մասին տեղավորելու ենք»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Նորք մասնաճյուղի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կենտրոնի դիմաց: Բանն այն է, որ դեկտեմբերի 30-ին այս հիվանդանոցի 80 աշխատակիցների տեղեկացրել են, որ հունվարի 15-ից ազատվելու են աշխատանքից:
Կենտրոնի աշխատակիցները նշում են, որ դեկտեմբերի 30-ին ժողովի են հրավիրել եւ ասել՝ ազատման դիմում գրեք: Խոսքը մայրապետների ու բուժքույրերի մասին է:











