News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
457.49
EUR
481.19
RUB
7.22
Տեսնել լրահոսը

Այսօր ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանը մահվան 32-րդ տարելիցն է:

Մովսես Գորգիսյանը Արցախյան ազատամարտի առաջին մարտիկներից մեկն էր, ինչպես նաև առաջին զոհերից: Նա զոհվեց  1990 թ․հունվարի 19-ին Երասխի պաշտպանության ժամանակ:

ԱԻՄ-ի անդամ Մովսես Գորգիսյանն առաջինն էր, որ 1988 թվականի մայիսի 28-ին Ազատության հրապարակում ծածանեց եռագույնը, ինչն այդ ժամանակ շատ համարձակ քայլ էր, շատերն անգամ չգիտեին, թե ինչ է եռագույնը: Նա ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը:  որպես ապագա ազգային բանակի հիմք։

Մովսես Գորգիսյանը հայտնի արտահայտություններից էին. «Սուգաը հավերժ է, եթե չկա պայքար», «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»:

Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961թ. դեկտեմբերի 3-ին: 1984 թ. ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը։

Բնածին տաղանդը և արվեստագետի իր կոչումը նրան խոստումնալից ապագա էին կանխորոշում: 1984թ. Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված «Ոսկին և հողը» գեղարվեստական ֆիլմում խաղացել է Սանթուրի դերը (կինոռեժիսոր Արման Մանարյան): 1986-87թթ. Գորիսի դրամատիկական թատրոնում խաղացել է մի շարք ներկայացումներում, բեմադրել Արամ-Աշոտ Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ» պիեսը: 1987թ. ԱՄԿ 5 նվիրյալների հետ հիմնել է Ազգային Ինքնորոշում Միավորումը (ԱԻՄ), որն անցել է բացահայտ քաղաքական պայքարի` հանուն անկախության, հանուն Հայաստանի պետականության վերականգնման:

1988-90թթ. խմբագրել և հրատարակել է «Հրապարակայնություն», այնուհետև` «Հայրենիք» քաղաքական ամսագրերը, հայ ազատամարտին նվիրված մի շարք գրքույկներ: Ի պաշտպանություն ձերբակալված Ղարաբաղ կոմիտեի և արտաքսված Պարույր Հայրիկյանի, Գորգիսյանը հրատարակել է «Մեղադրվում են» և «Ազատության ասպետը» ժողովածուները: Բացահայտ և անզիջում քաղաքական գործունեության համար մշտապես հետապնդվել է և 6 անգամ ձերբակալվել:

1990թ. հունվարի 18-ին լուր է ստացվել, որ իրավիճակը կտրուկ սրվել է Արարատի շրջանի Նախիջևանի սահմանամերձ գոտում: Ադրբեջանական զինյալները շրջակա բարձունքից անընդմեջ գնդակոծել են հայկական բնակավայրերը: Խաղաղ բնակչության մեջ եղել են զոհեր ու վիրավորներ: Ինքնապաշտպանական ջոկատները շտապել են Երասխավան: Մովսես Գորգիսյանը ևս մեկնել է:

Հունվարի 19-ին հայ մարտիկները ոչնչացրել են թշնամու հետախուզական ջոկատներից մեկը, առգրավվել մեծ քանակությամբ զինամթերք։ Գորգիսյանը ջոկատով գրոհել է բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերը, որոնք լռեցվել են: Վերադարձի ճանապարհին դավադիր գնդակը դիպել է նրան: Մովսես Գորգիսյանն ընդամենը 28 տարեկան էր:

Հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսը հուղարկավորվել է Ծիծեռնակաբերդի բարձունքում:

1996թ-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով` ՀՀ պաշտպանության գործում մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար «Անկախության բանակ» ջոկատի հրամանատար, ազգային գործիչ Մովսես Գորգիսյանին հետմահու շնորհվել է  Հայաստանի Հանրապետության «Ազգային Հերոս» բարձրագույն կոչումը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ