News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Ուգանդայում Առեւտրականների ասոցիացիան արգելել է կանանց բեռնատար նստել՝ որոշելով, որ կարճ շրջազգեստն ու բաց ազդրերը կարող են շեղել վարորդների ուշադրությունը եւ դառնալ վթարի պատճառ, տեղեկացնում է AFP-ն։

Լիրա քաղաքում հրապարակված հրամանն արգելում է վարորդներին «անգամ իրենց կանանց» թույլ տալ նստել բեռնատարների խցիկի առջեւի մասում։

Տեղի առեւտրականներին եւ վաճառողներին ներկայացնող ասոցիացիան հայտարարել է, որ արգելքի մասին որոշումն ընդունվել է անվտանգության նկատառումներից ելնելով։

«Կանանցից ոմանք կարճ շրջազգեստ են կրում, երեւում են նրանց մերկ ազդրերը եւ շեղում վարորդներին, իսկ վարորդները վերջնարդյունքում դառնում են վթարների պատճառ, մարդիկ են զոհվում»,- AFP-ին ասել է Լիրա բջջային շուկայի մատակարարների խմբի նախագահ Օփիո Օբոթեն։

«Արգելքն ուժի մեջ է մտնելու անհապաղ, եւ բոլոր վարորդներն ու ուղեւորները պետք է հետեւեն դրան»։

Նրա խոսքով՝ որոշումն ընդունվել է այդ շրջանում բեռնատարների վարորդների կողմից թույլ տրված ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառներն ուսումնասիրելուց հետո։

«Բացի բարձր արագությունից եւ բեռնատարների վարորդների անկարգապահությունից՝ մենք հայտնաբերեցինք, որ որոշ կանայք նստում են առջեւում կարճ շրջազգեստով, ոմանք վարորդներին բարեր են տանում եւ ալկոհոլ խմում, իսկ վարորդները վերջնարդյունքում դառնում են վթարների պատճառ»,- ասել է նա։

Արգելքը մտցվել է հունվարի 10-ի վթարից հետո, որի զոհ էր դարձել ինը առեւտրական, 2 մարդ վիրավորվել էր, երբ Լիրայի շուկայից վերադարձող բեռնատարը շրջվել էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ