News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Ցավոք, մեր պետության ու բանակի համար դժվար ժամանակներն են, եւ վերջին պարտությունն ապաշնորհ, կասկածելի արժեքներով առաջնորդվող այս իշխանության մեղքն է ակնհայտորեն։ Այս մասին զորամասեր կատարած այցի ընթացքում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Հայ զինվորն ու հայ սպան չեն պարտվել, մեր բանակը մեր անվտանգությունն է, պաշտպանը։ Վստահ եմ՝ այս վիճակը շրջելու ենք, բանակը շարունակելու է հզորանալ ու կանգնել եւ Հայաստանի, եւ Արցախի պաշտպանության դիրքերում։ Այսօր տեսանք բազմաթիվ զինվորների եւ սպաների, որոնք իսկապես ծառայում ենք հայրենիքին։ Դժվարությունները հաղթահարելի են, որովհետեւ մենք ունենք հրաշալի ժողովուրդ՝ մի քիչ կոտրված ու հուսալքված, բայց ժամանակն է այդպիսին։ Փոքր մարդիկ միշտ անցողիկ են, Հայաստանն ու Արցախը, վստահ եմ, շարունակելու են վերելքը»,- նշեց Վարդանյանը։

Անդրադառնալով պրոֆեսիոնալ բանակի անցում կատարելու իշխանության մտադրությանը՝ պատգամավորը նկատեց՝ այն, որ գոնե առաջիկայում չենք կարող միայն պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու վրա հույս դնել, ակնհայտ է։

«Այնպիսի անվտանգային խնդիրներ ունենք, որ ընդհակառակը՝ մեր ժողովրդի մասը պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում պաշտպանել իր հայրենիքը։ Այո, պրոֆեսիոնալ բանակի հիմքերը պետք է դանդաղ ստեղծվեն, եւ Փաշինյանը չէ, որ դա ասել է՝ մենք հսկայական թվով պայմանագրային զինվորականություն ունենք, բայց յուրաքանչյուր երիտասարդ՝ ապագայում, գուցե, նաեւ աղջիկները, պետք է մանկուց հայրենիքի պաշտպանության ձգտումն ու նվիրվածությունն ունենալով դաստիարակվել։ Կարծում եմ՝ մենք ուղղակի պարտադրված ենք այս տարածաշրջանում ուժեղ բանակ ունենալ եւ հասարակության բոլոր շերտերով պատրաստ լինել կանգնել հայրենիքի թիկունքին։

Պատահական մարդկանց արժեհամակարգն առաջին իսկ օրից բանակի հերոսների վարկաբեկման, բանակի քայքայման հիմքերը դրվեցին։ Սա իսկապես պատուհաս էր բանակի եւ հասարակության համար, վերջինի մի մասը դեռեւս չի գիտակցում՝ ինչ խեղումների է ենթարկվել արժեքներ չունեցող այս մարդկանց կողմից։ Պարտության հիմնական մեղավորը բանակը քայքայած այս ապիկար իշխանությունն է, որը չի գիտակցում, որ այս հակառակորդների պայմաններում հերոսներին չի կարելի նվաստացնել, քարշ տալ քննչական տարբեր մարմիններով եւ մեղքերը նրանց վրա բարդել։ Երբ այդպես ես վերաբերվում քո սպաներին, զինվորներն ու հասարակությունը չեն ձգտում բանակի կողքին լինել, պաշտպանունակությունն ամրապնդել։ Քայքայեցին բանակը՝ ունեցան պարտություն, իսկ եթե քո բանակի հետ չես, ստիպված ես լինելու ուրիշների բանակը կերակրել։ Հայտնի խոսքեր են՝ եթե ուսուցչին չես վարձատրում, բանտեր պիտի կառուցես, եթե չես հզորացնում բանակը, պետք է պարտությունների պատրաստ լինես։ Բայց մենք պետք է կարողանանք պարտության շրջանից դուրս գալ՝ առաջին հերթին մտքով ու ոգով, գիտակցել, որ դեռեւս պետություն ունենք, հասարակություն, որը, վերաարժեւորելով իր անցյալն ու ապագային, կարողանալու է այս ծանր վիճակից դուրս գալ։ Հավատում եմ, որ Հայաստանը լինելու է ուժեղ, Արցախն իր մեջքը շտկելու է, եւ մենք տարածաշրջանում էական դերակատարություն ենք ունենալու»,- նշեց Վարդանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ