News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ինչպես Ֆրանսիայում կոնյակի եւ շամպայնի դեպքում, այնպես էլ «մացոնի» անվանումը գրանցված է Վրաստանում որպես աշխարհագրական նշում։ Պետությունը կաթնամթերք արտադրող տնտեսավարողներին տեղեկացրել է, որ «մածուն» անվանումը շփոթելու աստիճան նման է Վրաստանի հանրապետությունում գրանցված «մացոնի» անվանմանը եւ կարող է խնդիրներ առաջացնել Վրաստանի տարածքով նման անվանմամբ արտադրանք արտահանելիս։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Դեռեւս 2011 թվականին Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության լիազոր մարմինը ներկայացրել է առարկություն «մացոնի» անվանման գրանցման դեմ Եվրամիության եւ Վրաստանի համապատասխան մարմիններին՝ հիմնավորելով, որ այս անվանումը շփոթելու աստիճան նման է ՀՀ-ում արտադրվող մածուն կաթնամթերքի անվանմանը։ Սակայն ներկայացված առարկությունը հաշվի չի առնվել։ Կառավարությունը քայլեր է ձեռնարկում աշխարհագրական նշումների կիրառության հստակեցման շուրջ՝ վրացի գործընկերների հետ:

Այս համատեքստում էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ աշխարհագրական նշումների մասին ՀՀ օրենքում, որը հնարավորություն կտա գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնին իր անունով գրանցելու աշխարհագրական նշումներ՝ ի տարբերություն այժմ գործող կարգավորման, համաձայն որի միայն արտադրողները կարող են գրանցել աշխարհագրական նշումներ։

Օրենքի փոփոխությունը թույլ կտա «մածուն» անվանումը գրանցել ՀՀ-ում, որպես աշխարհագրական նշում։ Սակայն, վերոնշյալ անվանումով արտադրանքը կարող է արտահանվել այլ երկրներ Վրաստանի տարածքով՝ միայն Վրաստանի հետ աշխարհագրական նշումների փոխադարձ ճանաչման եւ պահպանության համաձայնագրի կնքումից հետո։ Համաձայնագրի դրույթները եւ երկու երկրներում գրանցված աշխարհագրական նշումների ցանկերն առաջիկայում կքննարկվեն համատեղ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում։

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հատնել էր, որ հայկական արտադրության մածունը «մածուն» մակնշմամբ չի կարողանում Վրաստանի տարածքով արտահանվել Ռուսաստան, քանի որ Վրաստանը «մացոնի»-ն ձեւակերպել է որպես իր աշխարհագրական նշում։ Իսկ հայկական արտադրողը Ռուսաստան արտահանումը սկսել է իրականացնել «Հայկական սարի յոգուրտ» գրությամբ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ