News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Արտասահմանյան ընկերությունները ուկրաինական ճգնաժամի հետ կապված պատժամիջոցների ալիքից հետո Ռուսաստանում առևտրային գործունեությունը սահմանափակելու, կասեցնելու կամ դադարեցնելու քայլեր են ձեռնարկել։

Reuters-ը ներկայացնում է այն ընկերությունների ցանկը, որոնք հայտարարել են Ռուսաստանից հեռանալու կամ այնտեղ գործունեությունը դադարեցնելու մտադրության մասին։

ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՂՆԵՐ

Daimler Truck-ը հայտարարել է, որ անհապաղ կդադարեցնի իր գործունեությունը Ռուսաստանում, ներառյալ համագործակցությունը ռուսական բեռնատարներ արտադրող ԿամԱԶ-ի հետ: Նրա մայր ընկերությունը՝ Mercedes-Benz Group-ը, ԿամԱԶ-ում իր 15 տոկոս մասնաբաժինը արագ վաճառելու օրինական տարբերակներ է ուսումնասիրում:

Շվեդական Volvo Cars-ը հայտարարել է, որ մինչև հետագա ծանուցումը կդադարեցնի ավտոմեքենաների մատակարարումները ռուսական շուկա:

Բեռնատար մեքենաներ արտադրող AB Volvo-ն, որը Volvo Cars-ից առանձին խումբ է, դադարեցնում է արտադրությունն ու վաճառքը Ռուսաստանում։

General Motors-ը հայտարարել է, որ մինչև հետագա ծանուցում կդադարեցնի բոլոր մեքենաների արտահանումը Ռուսաստան:

Ճապոնական Mitsubishi Motors-ը հայտարարել է, որ կարող է դադարեցնել իր մեքենաների արտադրությունն ու վաճառքը Ռուսաստանում, քանի որ պատժամիջոցները կարող են խաթարել մատակարարման շղթան:

Ֆրանսիական Renault ավտոարտադրողը հաջորդ շաբաթ կդադարեցնի Ռուսաստանում գտնվող իր մեքենաների հավաքման գործարանների որոշ գործունեությունը՝ լոգիստիկ խոչընդոտների պատճառով:

Harley-Davidson Inc-ը հայտարարել է, որ դադարեցրել է իր գործունեությունը և մոտոցիկլետների մատակարարումը Ռուսաստան։

Ford Motor Co-ն համատեղ ձեռնարկության գործընկեր Sollers-ին հայտնել է, որ անմիջապես դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում՝ մինչև հետագա ծանուցում:

«Լյուքս» դասի մեքենաներ արտադրող բրիտանական Jaguar Land Rover-ը և Aston Martin-ը դադարեցրել են ավտոմեքենաների մատակարարումները Ռուսաստան:

Գերմանական BMW-ն դադարեցրել է ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստան և հայտարարել է, որ կդադարեցնի այնտեղ արտադրությունը:

Honda Motor-ը հայտարարել է, որ դադարեցրել է ավտոմեքենաների և մոտոցիկլետների արտահանումը Ռուսաստան:

Ճապոնական Mazda-ն կդադարեցնի ավտոպահեստամասերի արտահանումը Ռուսաստանում գտնվող իր գործարան։

ԱՎԻԱՑԻԱ

Ավիալիզինգային աշխարհում խոշորագույն AerCap Holdings ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը Դուբլինում է, դադարեցնում է լիզինգային գործունեությունը ռուսական ավիաընկերությունների հետ։

Ամերիկյան Boeing ավիաարտադրող ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է ռուսական ավիաընկերություններին պահեստամասերի մատակարարումը, տեխնիկական սպասարկումը և տեխնիկական աջակցությունը։

Airbus-ը հայտարարել է, որ դադարեցրել է պահեստամասերի առաքումը Ռուսաստան և աջակցությունը ռուսական ավիաընկերություններին, սակայն ուսումնասիրում է, թե կարող է արդյոք իր մոսկովյան ինժեներական կենտրոնը Արևմուտքի պատժամիջոցների պայմաններում շարունակել ծառայությունների մատուցումը տեղացի հաճախորդներին:

Lufthansa-ի Technik ստորաբաժանումը, որը տեխնիկական սպասարկմամբ է զբաղվում, դադարեցրել է ռուս հաճախորդների սպասարկումը։

ԲԱՆԿԵՐ

Համաշխարհային HSBC բանկը սկսում է խզել հարաբերությունները մի շարք ռուսական բանկերի, այդ թվում՝ մեծությամբ երկրորդ VTB բանկի հետ:

Հյուսիսային վարկատու Nordea-ն հայտարարել է, որ դադարեցրել է առևտուրը ներդրումային հիմնադրամների հետ, որոնք ռուսական ուժեղ ազդեցության տակ են:

Raiffeisen Bank International-ը (RBI) դիտարկում է Ռուսաստանից դուրս գալու հնարավորությունը, Reuters-ին հայտնել են այդ մասին տեղյակ երկու անձինք: RBI-ի ներկայացուցիչն ասել է, որ RBI-ն մտադիր չէ հեռանալ Ռուսաստանից:

Դուբայի Mashreqbank-ը դադարեցրել է ռուսական բանկերի վարկավորումը և վերանայում է իր ռիսկերը երկրում։

ԷՆԵՐԳԻԱ

Ֆրանսիական TotalEnergies-ը հայտարարել է, որ այլևս կապիտալ չի տրամադրի Ռուսաստանում նոր նախագծերի համար:

BP-ն հրաժարվում է ռուսական նավթային հսկա «Ռոսնեֆտ»-ում իր 19,75 տոկոս բաժնեմասից, մինչդեռ Shell-ը հայտարարել է, որ դուրս կգա Ռուսաստանում իր բոլոր գործարքներից, ներառյալ հեղուկ բնական գազ արտադրող «Սախալին-2» առաջատար գործարանի հետ, որում նա 27,5 տոկոս բաժնետոմս ունի, և որը 50 տոկոսով պատկանում «Գազպրոմ»-ին եւ կառավարվում է նրա կողմից։

Նորվեգական Equinor էներգետիկ խումբը կսկսի Ռուսաստանում իր համատեղ ձեռնարկություններից դուրս գալու գործընթացը։

Դանիական Orsted ընկերությունը դադարեցրել է ռուսական ածուխ և կենսազանգված գնել իր էլեկտրակայանների համար, սակայն երկարաժամկետ պայմանագրով կշարունակի «Գազպրոմ»-ից տարեկան մինչև երկու միլիարդ խորանարդ մետր բնական գազ գնել։

Orsted-ը նույնպես հայտարարել է, որ նոր պայմանագրեր չի կնքում ընկերությունների հետ և չի օգտվում Ռուսաստանից մատակարարողներից։

Exxon Mobil-ը կդադարեցնի իր նավթի և գազի արդյունահանումը Ռուսաստանում, որը նա ավելի քան 4 մլրդ դոլար է գնահատել, և կդադարեցնի նոր ներդրումները։

Իտալական Eni էներգետիկ խումբը պատրաստվում էր վաճառել «Երկնագույն հոսք» գազատարի իր մասնաբաժինը, որը ռուսական գազը հասցնում է Թուրքիա, եւ որում նա համասեփականատեր է՝ ռուսական «Գազպրոմ»-ի հետ միասին:

Ավստրիական OMV էներգետիկ խումբը հրաժարվել է «Գազպրոմ» գազային հանքավայրի նախագծում բաժնետոմս ձեռք բերելու ծրագրերից և վերանայում է իր դերը «Հյուսիսային հոսք 2» գազատարում։

Բրիտանական էներգիայի խոշորագույն մատակարար British Gas-ի սեփականատեր Centrica-ն հայտարարել է, որ դուրս կգա ռուսական գործընկերների, հիմնականում՝ «Գազպրոմ»-ի հետ գազի մատակարարման պայմանագրերից:

Տուրբին արտադրող գերմանական Siemens Energy ընկերությունը հայտարարել է, որ դադարեցրել է Ռուսաստանում իր ամբողջ նոր բիզնեսը:

ԿԻՆՈ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հոլիվուդյան Disney, Warner Bros և Sony Pictures Entertainment ստուդիաները հայտարարել են, որ կդադարեցնեն ապագա ֆիլմերի տարածումը Ռուսաստանում:

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Շվեդական Sandvik ինժեներական խումբը դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում, իսկ նրա գործընկեր Atlas Copco-ն կասեցրել է բոլոր մատակարարումները երկիր:

Ֆիննական Metso Outotec մեքենաշինական խումբը ժամանակավորապես դադարեցրել է մատակարարումները Ռուսաստան։

Siemens-ը դադարեցրել է բոլոր նոր գործարար և միջազգային մատակարարումները Ռուսաստան, սակայն կշարունակի սպասարկման և վերանորոգման տեղական աշխատանքները՝ պատժամիջոցներին համապատասխան, հաստատել է ընկերության ներկայացուցիչը:

ԼՈԳԻՍՏԻԿԱ

Աշխարհի խոշորագույն լոգիստիկ ընկերություններից երկուսը` United Parcel Service Inc-ը և FedEx Corp-ը, որոնք տեղակայված են ԱՄՆ-ում, հայտարարել են, որ դադարեցնում են մատակարարումները Ռուսաստան և Ուկրաինա:

Կոնտեյներային Ocean Network Express ընկերությունը երկուշաբթի դադարեցրել է դեպի Ռուսաստան և Ռուսաստանից պատվերները:

Maersk նավային բեռնափոխադրման խումբը ժամանակավորապես կդադարեցնի դեպի Ռուսաստան և Ռուսաստանից բոլոր կոնտեյներային փոխադրումները:

Deutsche Post-ը հայտարարել է Ռուսաստան DHL-ի մատակարարումների դադարեցման մասին։

Գերմանական Hapag Lloyd նավային բեռնափոխադրող ընկերությունը հայտնել է, որ ժամանակավորապես դադարեցրել է դեպի Ռուսաստան թռիչքների ամրագրումները և դադարեցրել է թռիչքները դեպի Ուկրաինա:

MSC նավային բեռնափոխադրող ընկերությունը դադարեցրել է դեպի Ռուսաստան և Ռուսաստանից բեռների պատվիրումը, սակայն կշարունակի ստանալ և ստուգել պարենային ու մարդասիրական բեռները։

Շվեյցարական Kuehne und Nagel լոգիստիկ ընկերությունը անմիջապես անորոշ ժամանակով դադարեցրել է ներմուծման բոլոր մատակարարումները Ռուսաստան։ Սա չի վերաբերում բժշկական և հումանիտար մատակարարումներին:

Լցանավային Frontline ընկերությունը դժվար թե ռուսական նավթ տեղափոխի, նորվեգական E24 բիզնես-նորությունների կայքին ասել է ընկերության գործադիր տնօրենը։

ՍՊՈՐՏ

Գերմանական սպորտային հագուստ արտադրող Adidas-ն անմիջապես դադարեցրել է համագործակցությունը Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ։

Nike-ն իր կայքում և հավելվածում ապրանքների գնումն անհասանելի է դարձրել Ռուսաստանում, քանի որ չի կարող երաշխավորել ապրանքների առաքումը երկրում գտնվող հաճախորդներին:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Apple-ը դադարեցրել է բոլոր ապրանքների վաճառքը Ռուսաստանում։

Google-ը, որը պատկանում է Alphabet-ին, հայտարարել է, որ արգելափակել է ռուսական RT և Sputnik հեռարձակողների հետ կապված բջջային հավելվածները, իր Play խանութում ռուսական պետական հրապարակումները իր լրատվական գործառույթներից հեռացնելու նախորդ քայլի համապատասխան:

Microsoft-ը հայտարարել է, որ կհեռացնի պետական RT-ի բջջային հավելվածները Windows App Store-ից և կարգելի գովազդը ռուսական պետական լրատվամիջոցներում:

Նոթբուքեր արտադրող Dell Technologies ընկերությունը հայտարարել է, որ դադարեցրել է իր արտադրանքի վաճառքը Ուկրաինայում և Ռուսաստանում:

ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող շվեդական Ericsson-ը դադարեցնում է մատակարարումները Ռուսաստան՝ գնահատելով այդ երկրում իր բիզնեսի վրա պատժամիջոցների հնարավոր ազդեցությունը:

Nokia-ն պատժամիջոցների պատճառով կդադարեցնի մատակարարումները Ռուսաստան.

ԱՅԼ ՈԼՈՐՏՆԵՐ

Անվադողեր արտադրող Nokian Tires ֆիննական ընկերությունը իր որոշ հիմնական ապրանքների արտադրությունը Ռուսաստանից Ֆինլանդիա և ԱՄՆ է տեղափոխում:

Ֆիննական Kemira քիմիական ընկերությունը մարտի 1-ից դադարեցրել է մատակարարումները Ռուսաստան և Բելառուս՝ մինչև հաջորդ ծանուցում։

Կենցաղային տեխնիկայի Electrolux շվեդական արտադրողը դադարեցրել է բոլոր գործարքները Ռուսաստանում։

Stora Enso-ն դադարեցրել է ներմուծումն ու արտահանումը Ռուսաստան և Ռուսաստանից, ինչպես նաև արտադրությունն ու վաճառքը երկրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ