News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանը երևի, թե վերջին անգամ, երբ Արցախից կարծիք է հարցրել, թե ինչ անի, դա եղել է 2020 թվականի հոկտեմբերի 17-18-ը, որին Արցախի քաղաքական ուժերի մեծամասնությունը համաձայնել էր, բայց նա չընդունեց այդ մեծամասնության հորդորը և հոկտեմբերի 19-ին չկանգնեցրեց պատերազմը, այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի պատգամավոր, «Արդարություն» կուսակցության անդամ Դավիթ Գալստյանը։

«Բրյուսելից առաջ Արցախի իշխանությունների հետ կոնսուլտացիաներ արվել են, թե ոչ, ես տեղյակ չեմ և կարծում եմ, որ չեն եղել: Տևական ժամանակ է՝ խոսում ենք, որ արտգործնախարարությունների, խորհրդարանների միջև բացի հումանիտար հարցերից հանդիպումներ և քննարկումներ չեն լինում, և մենք բազմիցս ասել ենք, որ Հայաստան-Արցախ հարաբերությունները Նիկոլ Փաշինյանը հասցրել է Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան մակարդակի: Բոլոր քաղաքական ուժերի մոտ մտահոգության տեղիք է տվել և բազմիցս բարձրաձայնվել է այդ մասին: Իսկ թե Բրյուսելում նա ինչ է պայմանավորվել և ինչ են խոսել, մենք շատ աղոտ տեղեկացել ենք Արայիկ Հարությունյանից, ինչը մտահոգիչ էր․,– ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ Արցախի խորհրդարանի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանն այսօր հետքայլ է արել, երևի զգացել է, որ սա իր աթոռի համար կարող է վտանգավոր լինել: Նրա խոսքով՝ Արցախից հնչած հայտարարության հասցեատերը հենց Նիկոլ Փաշինյանն էր և այն խումբը, որոնք սկսեցին հոխորտալ Արցախի հասցեին:

«Նիկոլ Փաշինյանը ստում է, թե համաձայնեցնում է իր քայլերը Արցախի հետ, ինչպես ստում էր, երբ ասում էր, որ Արցախյան հիմնահարցի լուծումը պետք է բավարարի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին: Ինչպես տեսանք՝ այն հանգրվանը, որին բերեց Արցախը Նիկոլ Փաշինյանը, բավարարեց միայն իրեն, իր մերձավորներին և Ադրբեջան ժողովրդին: Ես տեղյակ չեմ և համոզված եմ, որ չի եղել նման տեղեկացում Արցախի կողմին»,– ասաց նա:

Դավիթ Գալստյանը նշեց, որ երբ պատերազմից հետո Ֆրանսիայի երկու պալատները ճանաչեցին Արցախի անկախությունը, շատ երկրներ սատարեցին Արցախին, այդ ֆոնին Նիկոլ Փաշինյանն իր սուտ, մանիպուլյատիվ ելույթներով փորձում է մեր հայրենակիցներին Արցախի կարգավիճակի իջեցման հարցը ներկայացնել որպես միջազգային հանրության պահանջ։

«Ես միայն մի բանում եմ համոզված, որ Նիկոլ Փաշինյանին այդ պահանջը ներկայացրել են իր բարեկամ Էրդողանն ու Ալիևը, որին ինքը համաձայնել է և փորձում է նրանց պահանջը ներկայացնել որպես միջազգային հանրության պահանջ: Սուտասան մարդու ասածները մեկնաբանելը մի քիչ դժվար է, քանի որ առավոտյան մեկ բան է ասում, կեսօրին այլ բան, իսկ երեկոյան ընդհանրապես այլ բան: Աթոռը հայրենիքից թանկ գնահատող մարդիկ կործանելու են երկիրը»,– ասաց Դավիթ Գալստյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ